«Մոսկվա» կինոթատրոնից 5 միլիոն 80 հազար դրամի և 10 հազար ռուբլու գողությունը կազմակերպելու մեջ մեղադրվող 30-ամյա Ստեփան Հովակիմյանի և 26-ամյա Վահրամ Քերոբյանի գործով երեկ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ դատավոր Մխիթար Պապոյանը մերժել է պաշտպանների` դատավորի ինքնաբացարկը պահանջելու մասին միջնորդությունը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Վահրամ Քերոբյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:
Փաստաբանի խոսքով` ամբաստանյալներին անազատության մեջ պահելը և ընդհանրապես գործի ողջ քննությունը տեղի են ունենում իրավական ընթացակարգերի լուրջ խախտումներով, ինչը ցույց է տալիս, որ դատավորը անկողմնակալ չէ:
Հիշեցնենք, որ երկու մեղադրյալներին ձերբակալման հիմք է հանդիսացել Ստեփան Հովակիմյանի ինքնախոստովանական ցուցմունքը, որը, նրա պաշտպանի խոսքով, կորզվել է խոշտանգումների միջոցով:
«Դատարանը անազատության մեջ պահելու համար պետք է ունենար հիմքեր, որոնք չկան: Հիմքերը պետք է ապացուցեին, որ, ազատության մեջ լինելով, կողմերը խոչընդոտում են դատավարության ընթացքին: Բացի դա, նախաքննության փուլում ձերբակալումը նշանակվել է 2 ամսով, ինչը հետաձգվել է 1 ամսով, իսկ դատարանն այդ որոշումը անփոփոխ է թողել, սակայն այդ ժամկետը վաղուց անցել է: Երկու տարի է` Վահրամն ու Ստեփանը անազատության մեջ են», – ասել է Երվանդ Վարոսյանը:
Մայիսի 29-ին Ստեփան Հովակիմյանի գործով բողոքն ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ըստ բողոքի` Հովակիմյանի գործում խախտվել են Կոնվենցիայի մի քանի հոդվածներ. ոստիկանների կողմից դաժան վերաբերմունք է ցուցաբերվել` խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով, դաժան վերաբերմունքի մասին բողոքների կապակցությամբ արդյունավետ քննություն չի իրականացվել, ազատազրկման անհիմն երկար տևողություն է հաստատվել և այլ խախտումներ:
Հիշեցնենք, որ Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործի մասին գրել է նաև ԱՄՆ Պետական Քարտուղարությունը` մարդու իրավունքների վերաբերյալ 2011թ. զեկույցում. դա համարվել է խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքների օրինակ: