Սերժ Սարգսյանը, լինելով երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, ոչ միայն չմասնակցեց «Հարսնաքար» ռեստորանում դաժանաբար ծեծի ենթարկված և օրեր անց հիվանդանոցում մահացած ՊՆ կենտրոնական կայազորի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանի հուղարկավորությանը, այլև անգամ մի ծաղկեպսակ կամ ցավակցական հեռագիր չուղարկեց զինվորական բժշկի տուն, գրում է «Ժողովուրդը»՝ հիշեցնելով, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի` Լիսկայի մոր հուղարկավորությանը մասնակցելու համար Սարգսյանն անձամբ ուղղաթիռով մեկնել էր Սյունիք:
Թերթը նշում է, որ Ավետյանի մահվան օրը Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները (գուցե օբյեկտի անվտանգության աշխատակիցները) դաժան ծեծի են ենթարկել 81 համար երթուղու մի վարորդի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սմբատ անունով վարորդն ընդամենը համարձակվել է մեքենան «փախցնել»` տրոլեյբուսին չհարվածելու համար, սակայն այդտեղով անցել է Հայրապետյանի թիկնապահն իր 20 ՏՕ 888 համարանիշի «Տոյոտա» ջիփով ու խիստ զայրացել կատարվածից: Անմիջապես իջել է մեքենայից ու սկսել ծեծել Սմբատին, թե «դու ով եղար, որ մեքենա քշես իմ վրա»:
Ծեծելուց հետո արգելել է հիվանդանոց գնալ: Սմբատից ոչ մի տեղեկություն չունեն անգամ մյուս վարորդները: Միջադեպի հետևանքով արդեն 3 օր է` 81 համարի երթուղին կաթվածահար վիճակում է. Հայրապետյանի տղաներն արգելում են վարորդներին կայանել Ավանում: Իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լռում է:
Թերթը տեղեկացել է, որ 81 համարի երթուղու «տերը» ԱԺ նախկին պատգամավոր, վաղամեռիկ Մելիք Գասպարյանի որդին է, որն այժմ երկրում չէ:
Թե ինչպես կհանգուցալուծվի այս իրավիճակը, թերևս պարզ կդառնա առաջիկա օրերին, իսկ առայժմ փաստը մնում է փաստ, որ Հայրապետյանի թիկնապահներն այնքան են լկտիացել, որ դեռևս մեկին հողին չհանձնած` մյուսին են ծեծում, իսկ մի ամբողջ երթուղային գծի տասնյակ վարորդների արգելում իրենց հացը վաստակել: Ու այս ամենը կատարվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի սիրելի Ավանում` նույնքան սիրելի Հայրապետյանի թիկնապահների կողմից, եզրափակում է «Ժողովուրդը»: