Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօր ներկայացրել է ԱԺ ՀԱԿ խմբակցության հայտարարությունը, որը վերաբերում է հունիսի 17-ին «Հարսնաքարում» տեղի ունեցած դեպքին:
«Հաշվի առնելով, որ 2012 թվականի հունիսի 17-ին Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունները հասարակական մեծ հնչեղություն են ստացել` առաջացնելով հանրային դժգոհության մեծ ալիք և ինքնաբուխ զանգվածային ակցիաներ, նկատի ունենալով, որ ԱԺ-ի կողմից արագ և համարժեք արձագանքը կնպաստի հասարակության մեջ լարվածության թուլացմանը, անպատժելիության մթնոլորտի վերացմանը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության և պատասխանտվության անխուսափելիության սկզբունքների ապահովմանը, նկատի ունենալով, որ դեպքերի կապակցությամբ շոշափվում է ԱԺ պատգամավորի մասնակցության և պատասխանատվության հարցը, հաշվի առնելով, որ դեպքերի ոչ համարժեք և թերի քրեաիրավական գնահատականը կարող է բացասական ազդել հայոց բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա, հաշվի առնելով ԲՀԿ, ՀՅԴ և Ժառանգություն խմբակցությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած խորհրդակցությունները որոշում ենք այդ խմբակցությունների պատգամավորների հետ համատեղ, հուլիսի 17-ին, ժամը 12-ին հրավիրել ԱԺ-ի արտահերթ նստաշրջան «2012 թ. հունիսի 17-ին Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում պաշտպանության նախարարության մի խումբ սպաների դաժան ծեծի ենթարկելու, նարնցիցի մեկին մահ պատճառելու հանգամանքների ուսումնասիրության նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու ԱԺ որոշում ընդունելու մասին» օրակարգով»,- ասված է Կոնգրեսի հայտարարության մեջ:
Զուրաբյանը նաև նշել է, որ նախագիծը պատրաստ է, և հիմա համատեղ աշխատանքը այդ նախագծի վրա շարունակվում է:
«Մենք այսօր ժամը 18.00-ից հինգ պակաս կստանանք քարտուղարությունից ձևաթուղթ, որը այդ պահից սկսվելու է օրենքով նախատեսված 24 ժամվա ռեժիմը, որի ընթացքում մենք պետք է փորձենք հավաքել 44 ստորագրություն: Այդ ստորագրությունների հիմնական մասը մենք կհավաքենք, բնականաբար, աշխատելով խմբակցությունների հետ միասին: Բայց մենք նաև առաջարկում ենք անկախ պատգամավորներին կամ պատգամավորներին, որոնց, կարող է պատահել, որ ինֆորմացիան չհասնի այլ եղանակներով, հասցնում ենք հրապարակայնորեն այդ ինֆորմացիան: Եվ խնդրում ենք, որ բոլոր այն պատգամավորները, որոնք պատրաստ են աջակցել այս նախաձեռնությանը, վաղը ժամը 13-15-ը այցելեն Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ի գրասենյակ»,- ասել է Լևոն Զուրաբյանը:
Նա նշել է, որ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ և Ժառանգություն խմբակցությունների պատրաստած նախագիծը շահարկվելու է.
«Ասելու են, քանի որ քննություն է գնում, նման իրավասություն ԱԺ-ն չունի, ուստի նաև մենք հետևյալ մոտեցումն ենք ցուցաբերել: Մենք ինչը, որ հնարավոր է, ուղղակի տեղափոխելու ենք Մարտի 1-ի հանձնաժողովի մասին որոշումից այս որոշում: Այսինքն, այս որոշման մեջ չկա որևէ կետ, որը իր նախադեպը չունի Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման որոշման մեջ, ուստի ոչ ոք չի կարող ասել, որ մենք ինչ-որ ապօրինի բան ենք պահանջում»:
Զուրաբյանը հավելել է, որ այն, ինչ իրենք պահանջում են, ունի իր նախադեպը, և եթե այդ մարդիկ ժամանակին ստեղծել են Մարտի 1-ի հանձնաժողով, ԱԺ-ում, ուրեմն նույն հիմնավորվածությամբ կարող են ստեղծել այս ժամանակավոր հանձնաժողովը: