Այսօր Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երևանի «Ուլիսն» իր մեկնարկը վերցրեց Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում՝ առաջին որակավորման փուլում սեփական հարկի տակ ընդունելով Մոլդովայի չեմպիոն «Շերիֆին»:
Հանդիպումն անցավ հավասար պայքարում, և էլ ավելի ցավալի էր «Ուլիսի» 0:1 հաշվով պարտությունը:
Առաջին կեսում խաղը ստացվեց: Երկու թիմերն էլ ակտիվ էին, գոլային պահեր ստեղծեցին: Մեկական անգամ կողմերին փրկեց դարպասաձողը, թիմերը այլ վտանգավոր դրվագներում նույնպես չկարողացան գրավել միմյանց դարպասը: Երկրորդ խաղակեսում հանդիպման բնույթը կտրուկ փոխվեց: Թիմերը պասիվացան, տեմպը դանդաղեց: Երկրորդ կեսը, փաստորեն, առանց գոլային պահերի անցավ, և միայն մեկ անգամ «Շերիֆը» կարողացավ օգտագործել ստանդարտ դիրքը: 60-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո «Ուլիսի» տուգանային հրապարակում առաջինը կողմնորոշվեց Սերգեյ Գեորգիևը, և գնդակն ուղարկեց մրցակցի դարպասի վերին անկյունը:
Մինչև հանդիպման վերջ «Ուլիսն» այդպես էլ չկարողացավ լուրջ վտանգ ստեղծել հյուրերի դարպասի մոտ: Երկրորդ հանդիպումը կկայանա Տիրասպոլում մեկ շաբաթ անց: «Ուլիսին» հաջորդ փուլ դուրս կբերի յուրաքանչյուր հաշվով հաղթանակը, բացի 1:0-ից, որի դեպքում լրացուցիչ ժամանակ կլինի: