ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի քաղաքական թիմը պատրաստվում է ստեղծել նոր ընդդիմադիր քաղաքական կուսակցություն, որի անվանումն ու կանոնադրությունը մշակման ու քննարկումների փուլում են, այսօր լարգրողների հետ հանդիպման ժամանակ հայատարարել է ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբի լրատվության և հասարակայնության հետ կապերի համակարգող Հայկ Խանումյանը:
Հիշեցնենք, որ Բալասանյանը հուլիսի 19-ին կայացած ԼՂՀ նախագահի ընտրություններում հավաքել է ձայների 32,5 տոկոսը, իսկ գործող նախագահ Բակո Սահակյանը` 66,7-ը:
Խոսելով Արցախի ընդդիմության մասին Խանումյանն ասել է, որ վերջին հինգ տարում Արցախում ընդդիմադիր ուժ չի եղել, ընդդիամադիր մամուլ չի եղել:
«2007 թվականից մինչև 2012 թվականը Արցախում ընդդիմություն գոյություն չուներ: Վիտալի Բալասանյանը կոչ էր ուղղել արցախցիներին, որտեղ նշել էր, որ այս 1/3-ի ձայնը ստանալը բավականին լուրջ հիմք է քաղաքական ուժ ստեղծելու համար: Նշեմ, որ Վիտալի Բալասանյանը 2007 թվականին պաշտպանել էր Բակո Սահակյանի ծրագիրը և ներկայացրել մի շարք առաջարկներ, այդ թվում` փաթեթներ, սակայն այդ առաջարկություններից ոչ մեկը չէր ընդունվել: Անցյալ հինգ տարիներին Բակո Սահակյանի կառավարությունը, իշխանությունը, թիմը երբեք հասարակության հետ որևէ կոնտակտի չի գնացել, այնտեղ առաջարկներ ներկայացնելը համարվում է հանցագործություն»,- ասել է բանախոսը:
Վերջինիս խոսքով` Վիտալի Բալասանյանին 33 տոկոս ձայն տալն արդեն իսկ նշանակում է , որ նա կարող է հասարակությանը համախմբող դեր ստանձնել:
Նա նաև տեղեկացրել է, որ Բալասանյանն առավելագույն ձայներ է հավաքել Մարտակերտում, Մարտունիում և Ասկերանում:
Հայկ Խանումյանի գնահատմամբ` Արցախում ընտրություններն անցել են ազատ, բայց ոչ արդար, որովհետև օգտագործվել է վարչական ռեսուրսը: