2010 թվականի հուլիսին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով այսօրվա դատական նիստի ժամանակ հարցաքննվել է զորամասի հրամանատար Սեյրան Ղազարյանը: Վերջինս այդ զորամասում հրամանատար է նշանակվել դեպքից օրեր առաջ և Արտակ Նազարյանի հետ շփվել է մոտ 15 րոպե՝ Նազարյանի դիրքեր բարձրանալուց առաջ:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում դատական նիստից հետո տեղեկացրել է Արտակ Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը, հրամանատարը հարցաքննության ժամանակ նշել է, որ Նազարյանի հետ զրույցից բավական լավ տպավորություն է ստացել:
«Իր պատմածն այն էր, որ դեպքի օրն իրեն զանգել և ասել են, որ Արտակ Նազարյանին գտել են սպանված, և, որքան հիշում է, իրեն զանգել է գործով որպես մեղադրյալ անցնող Հակոբ Մանուկյանը: Դրանից հետո պնդեց, թե ինքն է հրաման տվել, որպեսզի հենակետի ամբողջ անձնակազմին կարգապահական մեկուսացման ուղարկեն, որովհետև ասում էր, թե խախտել են ինչ-որ զինծառայության կարգապահական կանոններ: Մինչդեռ՝ հենակետում գործում են մարտական հերթապահության կանոններ, ոչ թե զինծառայության», – ասել է Ծովինար Նազարյանը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան ասոցիացիայի անդամ Ռուբեն Մարտիրոսյանն էլ նշել է, որ, ըստ օրենքի, հրամանատարը պետք է կատարեր քննություն՝ միայն դրա արդյունքում կալանվորեր, սակայն ոչ մի քննություն չի կատարել:
«Ինչ վերաբերում է խախտումներին, նա ընդամենը ասաց, որ երբ գնացել է հենակետ, այնտեղ իրարանցում է եղել, այնինչ քրեական գործում մենք պարզել ենք, որ բոլոր զինվորներիը նստել էին և սպասում էին հերթական հրամանին, ոչ մի գործողություն չէին կատարում, և ոչ մի իրարանցում այնտեղ չի եղել և չէր էլ կարող լինել, քանի որ այնտեղ էին ոստիկանության աշխատողները, դատախազության և քննչական մարմինները: Ակնհայտ կեղծ ցուցմունք էր տալիս գնդի հրամանատարը, և դրան խրախուսում էր դատավոր Մարդանյանը», – ասել է Ռուբեն Մարտիրոսյանը:
Վկայի հարցաքննությունը կիսատ է մնացել, քանի որ դատական նիստի ժամանակ մեղադրյալների պաշտպաններից Ալվարդ Մնացականյանի առողջությունը վատացել է, և նա միջնորդել է, որպեսզի դատական նիստը հետաձգվի: Դատավոր Սամվել Մարդանյանը չի հավատացել պաշտպանին և միայն շտապ օգնության աշխատակիցների ժամանելուց և բժիշկների կողմից տրամադրված վատառողջ լինելու մասին տեղեկանքից հետո հետաձգել է դատական նիստը:
Նշենք նաև, որ այսօր պետք է հարցաքննվեր գործի քննությունը տարած ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատուկ կարևորագույն գործերով քննիչ Լևոն Պետրոսյանը: Հարցաքննությունը տեղի չի ունեցել, դատախազներն ասել են, որ նա ճանապարհին է և ուշանում է, իսկ Ծովինար Նազարյանը նշել է, որ իրենք քննիչ Պետրոսյանին դատարանում այդպես էլ չեն տեսել: