Home / Տեսանյութեր / Պատերազմի դեպքում Ժիրայր Սեֆիլյանի տեսակն է պաշտպանելու Արցախը. նամակ Բակո Սահակյանին

Պատերազմի դեպքում Ժիրայր Սեֆիլյանի տեսակն է պաշտպանելու Արցախը. նամակ Բակո Սահակյանին

«Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության» կոմիտեի համակարգող Աղավնի Սահակյանը բաց նամակով դիմել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին՝ նշելով, որ դեռևս նախընտրական արշավի ընթացքում ԼՂՀ նախագահի թեկնածուներ Բակո Սահակյանին, Արկադի Սողոմոնյանին և Վիտալի Բալասանյանին դիմել էր բաց նամակով, որում ներկայացրել էր Արցախյան հերոսամարտի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին ԼՂՀ քաղաքացիություն չտալու խնդիրը, հիմնավորել նախադեպերի հաշվառմամբ դրա լուծման հնարավորությունը` խնդրելով պատասխանել հետևյալ երկու հարցերին.

ա) Ինչպիսի՞ն է այս իրողության վերաբերյալ Ձեր գնահատականը,

բ) Ինչպե՞ս կլուծեք Դուք այս խնդիրը, երբ ընտրվեք ԼՂՀ նախագահ:

Աղավնի Սահակյանը նշում է, որ Վիտալի Բալասանյանն անմիջապես արձագանքեց և դրական դիրքորոշում հայտնեց Ժիրայր Սեֆիլյանին ԼՂՀ քաղաքացիություն տալու վերաբերյալ, մինչդեռ Բակոն Սահակյանն ու Արկադի Սողոմոնյանը նույնիսկ չեն բարեհաճել որևէ կերպ արձագանքել:

«Մյուս թեկնածուի մասին խոսելն այլևս ավելորդ է: Գուցե հիմա, Ձեր երդմնակալության արարողությունից առաջ բարեհաճեք պատասխանել: Պաշտոնական տվյալներով Դուք եք ընտրվել ԼՂՀ Նախագահ: Ուստի Արցախում Ձեզանից է ակնկալվում ազգին, նրա պատվին ու արժանապատվությանը վերաբերող հարցերի` պետական մակարդակով և իրավունքին համապատասխան լուծումը: Այս պատճառով նման հարցերի վերաբերյալ Ձեր դիրքորոշումը ինքնաբերաբար վերածվում է նաև պատվի ու արժանապատվության վերաբերյալ Ձեր ընկալումների քննության, ինչն իր հերթին դառնում է Ձեր ընտրության և պաշտոնավարման բարոյականության քննություն:

Խուսափելով դրանց պատասխանելուց, Դուք զուր կերպով փորձում եք լռությունը վարագույր դարձնել և թաքնվել դրա հետևում, մինչդեռ վարագույրը ձայնի համար խոչընդոտ չէ:

Ուստի՝ եթե այս անգամ էլ նամակս ու հարցս մնան անպատասխան (կարևոր չէ՝ այն դրական կլինի, թե՞ բացասական), մնում է միայն ցավալ, որ մարդկային բարոյականության հիմնարար արժեքների վերաբերյալ նման ընկալումներ ունեցող մարդը պետք է ղեկավարի ազատության փշոտ ու դժվարին ճանապարհին գտնվող Հերոսական Արցախը և ամեն վայրկյան պատերազմի մեջ հայտնվելու վիճակում գտնվող նրա բանակը:

Քանի որ այս նամակի պատասխանը ևս ամենայն հավանականությամբ լռությունն է լինելու, ինձ իրավունք եմ վերապահում դրան ևս պատասխանել: Գիտցեք, որ եթե նորից փորձության ժամ լինի, Ժիրայր Սեֆիլյանի տեսակն է թշնամու դեմն առնելու և հաղթելու նրան իր Հավատի ու Հայրենիքի նկատմամբ սիրո զորությամբ: Ուստի այդ տեսակին է հիշում և ապավինում ժողովրդի ձայնի զանգակատունը` թե՛ պայքարի կոչնակ զարկելիս և թե՛ հաղթանակի ներբող հնչեցնելիս», – ասված է նամակում: