Home / Տեսանյութեր / Թուրքիայում տեղի ունեցած պայթյունը 25 զինվորի կյանք է խլել

Թուրքիայում տեղի ունեցած պայթյունը 25 զինվորի կյանք է խլել

Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող Աֆիոնկարահիսար նահանգում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով թուրքական բանակի առնվազն 25 զինծառայող է զոհվել, 4-ը վիրավորվել են: Այս մասին հայտնել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը:

Պայթյունը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան՝ տեղի ժամանակով 21.15-ին:

Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ գավառի վարչական կենտրոնում անջատվել է էլեկտրամատակարարումը, իսկ պահեստի մոտ գտնվող բնակարաններում կոտրվել են պատուհանները: Տեղի բնակիչները խուճապի մատնված դուրս են վազել բնակարաններից՝ կարծելով, թե երկրաշարժ է տեղի ունեցել:

Աֆիոնկարահիսարի իշխանությունները հայտարարել են, որ պայթյունը ահաբեկչության կամ դիվերսիայի հետևանք չէ:

Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայում ակտիվացել են ահաբեկչական գործողություններ իրականացնող Քրդական բանվորական կուսակցության անջատողականները: Վերջին անգամ նման գործողություններ էին իրականացվել այս երկուշաբթի գիշերը Իրաքի հետ սահմանամերձ Շիրնակ գավառում: Այնտեղ քուրդ գրոհայինները հրացաններով և նռնականետներով ռմբակոծել էին քաղաքային վարչակազմի շենքն ու ռազմական օբյեկտները, արյունքում 10 զինծառայող էր զոհվել: