Սկանդալային Pussy Riot ֆեմինիստական փանկ խմբի՝ ազատության մեջ մնացած անդամները MTV հեռուստաալիքի խնդրանքով տեսանյութ են նկարահանել, որում շնորհակալություն են հայտնում այն արտիստներից, ովքեր աջակցում են 2 տարվա ազատազրկման դատապարտված խմբի անդամներին: Տեսանյութը նկարահանվել էր սեպտեմբերի 6-ին Լոս Անջելեսում անցկացված MTV Video Music Awards երաժշտական մրցանակաբաշխության համար:
Տեսանյութում երեք ակտիվիստները շնորհակալություն են հայտնում Մադոննային, Բյորկին, Red Hot Chili Peppers և Green Day խմբերին, ինչպես նաև բոլոր այն երաժիշտներին, ովքեր անարդար են համարում Մարիա Ալյոխինայի, Նադեժդա Տոլոկոննիկովայի և Եկատերինա Սամուցևիչի դատավճիռը: Այնուհետև խմբի անդամներն այրում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով պաստառը:
Իսկ արդեն MTV-ի մրցանակաբաշխության ժամանակ ամերիկյան Green Day փանկ-խմբի անդամներն իրենց ելույթում նշել են, որ Pussy Riot-ը իրենց հիշեցնում է «1990-91թթ.-ի հին փանկ խմբերը»: «Սա ինքնարտահայտման ազատության հարց է: Միշտ ասեք այն, ինչ մտածում ենք, ասեք ճշմարտությունը, կարևոր չէ ինչ գնով»,-հանդիսատեսին նման կոչով է դիմել խմբի վոկալիստ Բիլլի Ջո Արմսթրոնգը:
Հիշեցնենք, որ Pussy Riot փանկ խմբի ներկայացուցիչներ Նադեժդա Տոլոկոննիկովան, Մարիա Ալյոխինան և Եկատերինա Սամուցևիչը երկուական տարվա ազատազրկման են դատապարտվել «Խուլիգանություն» հոդվածի համաձայն՝ Մոսկվայի Քրիստոս Փրկիչ եկեղեցում «Աստվածամայր, Պուտինին քշիր» փանկ-աղոթքի համար: