Բլոգերների վրա իրականացվող դաժան հարձակումները, քաղաքական դրդապատճառներով հետապնդումները, վեբ-բովանդակության ակտիվ վերահսկողությունը և առցանց հայտարարությունները սահմանափակող օրենքներն այն բազմաթիվ խնդիրների թվում են, որոնք վերջին երկու տարիների ընթացքում առավել սպառնում են ինտերնետ ազատությանը: Այս մասին է վկայում Freedom House իրավապաշտպան կազմակերպության կողմից սեպտեմբերի 24-ին հրապարակված զեկույցը, որն անդրադառնում է համացանցային ազատություններին:
«Հետազոտությունները հստակ ցույց են տալիս, որ ինտերնետային ազատությանը սպառնացող վտանգներն ավելի բազմազան են դառնում: Քանի որ բռնապետական ռեժիմները տեսնում են, որ արգելափակված կայքերը և աղմկահարույց ձերբակալությունները դատապարտվում են տեղական և միջազգային հանրության կողմից, նրանք դիմում են առցանց խոսակցությունները վերահսկելու այլ՝ ավելի ծածուկ մեթոդների, որոնք նվազ վտանգավոր չեն», – նշում է «Freedom on the Net» զեկույցի ղեկավար Սանյա Քելին:
Ինտերնետային ազատության համար ճակատամարտը սկսվում է այն ժամանակ, երբ աշխարհի բնակչության մեկ երրորդի համար ինտերնետը հասանելի է դարձել:
Կառավարությունները նոր իրադրությանը արձագանքում են ինֆորմացիայի ազատ տարածումը սահմանափակելով: Վերահսկման մեթոդները շատ ավելի փորձված են դառնում, և նախկինում սովորաբար բռնապետական միջավայրում կիրառվող մեթոդները, ինչպես օրինակ առցանց քննարկումները մանիպուլյացիայի ենթարկող վարձու մեկնաբանների բանակ պահելը, հայտնվում են ավելի ու ավելի շատ երկրներում:
Հետազոտությունը ցույց է տվել, որ համացանցային ազատության առումով առաջատար երկիր է Էստոնիան, երկրորդ տեղում ԱՄՆ-ն է: Իրանը, Կուբան և Չինաստանը վերջին հորիզոնականներն են զբաղեցրել: Եվս 11 երկիր, այդ թվում՝ Բելառուսը, Սաուդյան Արաբիան, Ուզբեկստանը, Թայլանդը «ոչ ազատ» կատեգորիայում են:
Freedom House-ը ներկայացնում է նաև ռիսկային գոտում հայտնված 12 երկրներ, որոնց մեջ են մասնավորապես Ադրբեջանը, Ռուսաստանը, Լիբիան, Պակիստանը, Ռուանդան: Նշենք, որ Հայաստանի իրավիճակը կազմակերպության կողմից այս զեկույցում չի քննվել:
Ինչ վերաբերում է մեր հարևան երկրներից, մասնավորապես Ադրբեջանին, զեկույցում ասվում է, որ թեև 2012 թվականի նոյեմբերին Ադրբեջանը Ինտերնետի կառավարման ֆորումի հյուրընկալող երկիրն է լինելու, և երկրի իշխանությունները ցանկանում են ներկայացնել իրենց որպես ինֆորմացիոն և հաղորդակցական տեխնոլոգիաների առաջատար, իրականում ինտերնետ ազատությունների հարցում իրավիճակը վատթարացել է: Բացի առցանց բովանդակությունը գրաքննության ենթարկելուց, իշխանությունները ինտերնետ-կաֆեներն են վերահսկում՝ հավաքելու համար օգտատերերի մասին տվյալներ՝ ձերբակալելով քաղաքականապես ակտիվ օգտատերերին, կեղծ մեղադրանքներ առաջադրելով և բռնության ենթարկելով ակտիվիստներին և նրանց ընտանիքի անդամներին:
Իրանի վերաբերյալ Freedom House-ի հեղինակները նշում են, որ Իրանի իշխանություններն ավելի նուրբ մեթոդներ են կիրառում, ինչպես օրինակ ինֆորմացիայի զտման տեխնոլոգիաները, թվային տվյալների վրա հարձակումը, որը թույլ է տալիս օգտատերերի մասին գաղտնի տեղեկություններ իմանալ և ավելի մոտենալ ազգային Ինտերնետի հաստատմանը: Բացի դա, Իրանը աշխարհի ամենադաժան պատիժներն է սահմանել որոշ առցանց ակտիվիստների համար, այդ թվում՝ երեք բլոգերներ և IT մասնագետների մահվան դատապարտելով: