ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը տեղեկացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, որ Հայաստանի 1400 դպրոցներից 1150-ի տնօրենները ՀՀԿ-ի անդամներ են, իսկ մինչև 1998 թվականը որևէ կուսակցական տնօրեն որևէ դպրոցում չի եղել:
Մանուկյանն այս ամենն ասել է այսօր Ազգային ժողովում, երբ Աշոտյանը ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչության հաշվետվությունը ներկայացնելուց հետո:
ՀԱԿ-ական պատգամավորի խոսքով՝ անկախության գործընթացի մեծագույն հաջողություններից է եղել կուսակցական գործունեության դուրս հանելը պետական հիմնարկներից, առավել ևս հանրակրթական հիմնարկներից և դա ամրագրվել է օրենքներով:
«Տեղյակ եմ պահում Ձեզ, որ հանրակրթությունը պետք է զերծ լինի կուսակցական գործունեությունից: Արդյո՞ք նորմալ եք համարում դա: 1400-ից, համեստ եմ ասում, 1150-ի կուսակցական լինելը: Բնականաբար, ես դեմ չեմ, որ տնօրենները լինեն կուսակցական, և ունենան գաղափարախոսական հակվածություն, նվիրվածություն: Բայց դուք ինքներդ եք նշում, որ քաղաքական պայքարի տեղ չէ դպրոցը և այսօր նշածս տնօրենների մեծ մասը նաև ստիպելով դարձել են այդ կուսակցության անդամ, որպեսզի մնան այդ պաշտոններում: Նրանք այդ կրծքանշաններով իրենց գործունեությունն են իրականացնում դպրոցներում: Սա ձեր կարծիքով ճի՞շտ է»,- հարցրել է Արամ Մանուկյանը:
Ի պատասխան՝ Արմեն Աշոտյանն ասել է, որ հայաստանյան դպրոցները ապակուսակցական են և, եթե տնօրենը կուսակցական է, նա կուսակցական է՝ որպես ՀՀ քաղաքացի:
«Դեմ եմ կտրականապես բոլոր այն մոտեցումներին, որոնք ենթադրում են ՀՀ քաղաքացիների, քաղաքական իրավունքների սահմանափակում, որոնք չկան Սահմանադրության մեջ, սահմանափակումենր, որոնք չկան քաղաքական կուսակցությունների մասին օրենքի մեջ, նաև կրթական օրենսդրության մեջ: Ուրիշ բան, այսքան տարի խոսում են, դուք նոր եք վերադարձել ԱԺ, բայց այսքան տարի խոսում են խնդրի մասին, որևէ մի նախկին և ներկա ընդդիմադիր խմբակցություն երբևէ չի փորձել խնդրին տալ օրենսդրական լուծում: Այստեղ ինձ մոտ առաջանում են շատ հիմնովին կասկածներ, որ խնդիրը միայն բարձրաձայնելու համար է բարձրաձայնվում: Ներեցեք, խոսքը չի վերաբերում Ձեր հարցադրմանը: Այդ հարցադրումը ես օգտագործում եմ գլոբալ առումով խնդրին անդրադառնալով»,- ասել է Աշոտյանը:
Ի հավելումն Աշոտյանը՝ որպես լիազոր մարմին, խոստացել է, որ նաև գալիք ընտրություններին ամբողջությամբ պահպանվելու է այն, որ քաղաքական գործընթացները չտեղափոխվեն դպրոցներ: