Դիարբեքիրի քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրը հրավիրել է բոլոր այն հայերին և այլ ոչ մահմեդական ժողովուրդներին, ում նախնիները ծնվել են Թուրքիայի հարավարևելյան նահանգում և 1915 թվականի դեպքերի ընթացքում բռնի արտաքսվել, վերադառնալ իրենց հայրենի քաղաք:
«Այն հայերը, ասորիները և խալդերը ում տատիկներն ու պապիկները ծնվել են Դիարբեքիրում, նույնքան իրավունք ունեն ապրելու այստեղ, որքան ես՝ որպես քուրդ, ով նույնպես ծնվել է Դիարբեքիրում: Ես կցանկանայի Դիարբեքիր հրավիրել բոլոր այն էթնիկ խմբերին, ում նախնիները ապրել են այստեղ: Վերադարձեք ձեր քաղաք»,-սեպտեմբերի 25-ին կայացած «Մեծացնելով երկխոսության շրջանակը. Մեդիան և հայ-թուրքական հարաբերությունները» կլոր սեղանի շուրջ հայ և թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քրդական խնդրով զբաղվող «Խաղաղություն և Ժղովորդավարություն» կուսակցության անդամ Բայդեմիրը:
Դիարբեքիրում Կլոր սեղան կոնֆերանսը կազմակերպվել էր Երևանի մամուլի ակումբի կողմից:
Օսման Բայդեմիր
«Քրդերը, հայերը, խալդերը, եզդիները և բոլոր այն էթնիկ խմբերը, ովքեր ժամանակին ապրել են Դիարբեքիրում, մասնակցել են քաղաքի կառուցման գործին, հետևաբար բոլոր այս մարդիկ իրավունք ունեն ապրել այս քաղաքում»,-նշել է Բայդեմիրը:
Պատմաբան Մուրատ Բարդակչիի կողմից գրված «Թալիաթ Փաշայի Սև գիրքը» աշխատության մեջ նշվում է, որ մինչ 1915 թվականի Ցեղասպանությունը Դիարբեքիրում 56,166 հայեր են ապրել:
Բայդեմիրը նաև հայտարարել է. «Մենք հրաժարվում ենք մեր այն նախնիների ժառանգությունից, ովքեր մասնակցել են այդ սպանդին, մենք հրաժարվում ենք լինել մի մասն այն ամենի, որ նրանք արել են, միաժամանակ, մենք հիշում ենք մեր այն պապերին, ովքեր դիմադրել են ջարդերին և դաժանությանը»:
Ըստ Hurriyet-ի՝ շատ հետազոտողներ գրում են, որ Օսմանյան կայսրության օրոք իշխող «Միություն և զարգացում» կուսակցությունը Ցեղասպանության ընթացքում օգտագործեկ է քրդերից կազմված «Համիդիե» ջոկատները հայերի ջարդերը կազմակերպելու համար:
«Մեր պապերից ոմանց կողմից իրագործված հանցագործությունները ժխտելը կնշանակի դառնալ դրանց մի մասը: Նախ մենք պետք է ճանաչենք մարդկանց տանջանքները, որպեսզի կարողանանք բուժել վերքերը»,-նշել է քաղաքապետը:
Բայդեմիրը նշել է, որ իր ամենամեծ երազանքներից է այդ տարածաշրջանում կործանված հայերի, թուրքերի, քրդերի, ասորիների, խալդերի հիշատակին նվիրված ընհանուր հուշարձան կառուցելը: «Կցանկանայի այդ հուշարձանի մոտ գալ հայերի, թուրքերի և քրդերի հետ և միասին լաց լինել մեր կորուստների համար»: