Այսօր Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիլեյանից, թե քանի օր Հայաստանում մարդը կարող է ապրել 35 000 դրամով: Նշենք, որ հենց այդքան պետք է լինի նվազագույն աշխատավարձը՝ համաձայն Կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծի:
Վաչե Գաբրիելյանը չի նշել, թե միջին քաղաքացին քանի օր կարող է այդ գումարով ապրել, բայց, նրա խոսքով, մարդն այդ միջոցները ավելի երկար կարող է ծախսել՝ նախկինում հատկացվածի նկատմամբ:
Քանի որ նախկինի համեմատ նվազագույն աշխատավարձը ավելացել է ընդամենը 2500 դրամով, Փոստանջյանը նաև հետաքրքրվել է նախարարից, թե մարդ ինչ կարող է գնել այդ գումարով:
Վաչե Գաբրիելյանը պատասխանել է, որ 2500 դրամով մարդը կարող է գնել բազմաթիվ ապրանքներ:
Այնուհետև նախարարին հարց է ուղղել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ խնդրելով տեղեկացնել, թե որքանով են իրար համահունչ «այդ հսկայական գումարը՝ 2500 դրամը» և նվազագույն սպառողական զամբյուղի չափը:
Նախարարն ընդգծել է, որ 35 000 դրամը որևէ կերպ հաշվարկված սպառողական զամբյուղը չի ծածկում, և կառավարությունում հասկանում են, թե այդտեղ կան որոշակի խնդիրներ: Այնուամենայնիվ, նա նշել է, որ իրենք պատրաստվում են այդ խնդիրները լուծել ժամանակի ընթացքում:
Նաիրա Զոհրաբյանը հարցրել է, թե «խայտառակ գնաճի պայմաններում» նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելը ի՞նչ խնդիր կարող է լուծել:
«Հարգելով ձեր այն տեսակետը, որ ունենք 7 տոկոս տնտեսկան աճ, ցանկանում եմ իմանալ՝ արդյոք նման տնտեսական աճը չէ՞ր ենթադրում, որ նվազագույն աշխատավարձը կարող էր ոչ թե 2500 դրամով ավելանալ, այլ շատ ավելին», – ասել է Զոհրաբյանը:
Նախարարը չի համաձայնել պատգամավորի այն տեսակետի հետ, որ Հայաստանում «խայտառակ գնաճ» կա:
«Ազգային վիճակագրական ծառայության կողմից ներկայացված թվերը 2011- 2012 թվականների համար ասում են այն մասին, որ 2011 թվականի սկզբին՝ մարտ ամսին, գնաճը երկնիշ է եղել, բայց արդեն տարվա վերջին իջանք 4,6 տոկոսի: 2013-ին գնաճը կլինի 4,5 տոկոս: Եվ չի կարելի դա անվանել խայտառակ գնաճ, քանի որ այն համընկնում է օրենսդրի սահմանած շրջանակներին», – ասել է նախարարը: