Այսօր առավոտյան՝ 9.30-ի սահմաններում, Երևանի պետական համալսարանի մոտից բերման են ենթարկել և Ոստիկանության կենտրոնի բաժին են տեղափոխվել «Հակահարված» նախաձեռնության անդամներ Թաթուլ Սարոյանը և Արտակ Գևորգյանը: Նրանց ձերբակալության պատճառները դեռևս հայտնի չեն:
Տղաների պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Վահե Գրիգորյանը, ով այժմ գնացել է բաժին՝ պարզելու մանրամասները:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր նախաձեռնությունը բազմիցս բողոքի ակցիաներ է իրականացրել. նրանք ՀԱԿ ակտիվիտների դեմ ընդունված վճռի վերաքննիչ քննության մեկնարկից հետո Հյուսիսային պողոտայում տղաների նկարներն են փակցրել՝ «Հակահարված ռեժիմին» գրառումով:
Նախաձեռնության անդամները նաև ԱԺ դարպասներին են փակցրել Սերժ Սարգսյանի լուսանկարով և «Ճանաչիր թշնամուդ» գրությամբ պաստառը, որը, սակայն, հեռացվել է րոպեներ անց:
Հիշեցնենք, որ Թաթուլ Սարոյանը հեղափոխության թեմայով նկարներ է ներկայացրել նաև մի քանի ցուցահանդեսներում: «9 արտիստ+20 տարի» ցուցահանդեսում ներկայացրած իր գործը մեկնաբանելու Epress.am-ի խնդրանքին Թաթուլ Սարոյանը պատասխանել էր . «Ես արվեստ չեմ անում, ես հեղափոխություն եմ անում»: