ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չի բացառում, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների ժամանակ կարող են միասնական թեկնածուով հանդես գալ, սակայն դրա հավանականությունը շատ փոքր է համարում: Այս մասին նա հայտարարել է այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ:
«Որովհետև ես նայում եմ մեր կուսակցությունների (նկատի ունի ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն- խմբ.) անցած ճանապարը: Մենք միասին ճանապարհ ենք անցել, միմյանց լավ ճանաչում ենք, գիտենք, թե ինչ արժեքների շուրջ է տեղի ունենում այդ համախմբումը, ովքեր են այդ գաղափարների կրողները, և այդպիսի կտրուկ շրջադարձը քաղաքականության մեջ ավելի քիչ հավանական է, քան այն գործելակերպը, որը կար նախկինում: Բայց չբացառելով, որ այլ սցենարներ ևս կարող են զարգանալ», – ասել է ՀՀ վարչապետը:
Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք վարչապետը շարունակո՞ւմ է պնդել, որ ՀՀԿ-ԲՀԿ հուշագիրը ուժի մեջ է:
«Ես հետևյալ միտքն եմ առաջ քաշել. մենք համախմբված ենք եղել մի հայտարարությամբ, որտեղ հստակ ֆիքսված էր, որ այն երեք կուսակցությունները, որոնք ստորագրել են հայտարարությունը, պաշտպանելու են գործող նախագահի թեկնածությունը՝ 2013 թվականի ընտրությունների ժամանակ: Եղե՞լ է արդյոք այդ երեք կուսակցություներից որևիցե մեկի կողմից հերքում պաշտոնական, որ նրանք հրաժարվում են այդ հայտարարությունից: Ես ասել եմ՝ այդպիսի պաշտոնական հերքման հետ ծանոթ չեմ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարից նաև հարցրել են, թե ինչպե՞ս է նա վերաբերվում այն փաստին, որ ԲՀԿ-ն փակ գաղտնի խորհրդակցություններ է անցկացնում ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ:
«Ես ասեցի, որ քաղաքական դաշտում ես ոչինչ չեմ բացառում, և մեր կուսակցության դիրքորոշումն էլ միշտ եղել է բաց և հրապարակային: Մենք պատրաստ ենք համագործակցության քաղաքական այն բոլոր ուժերի հետ, որոնք ուզում են մեզ հետ համագործակցելով մեր երկրում իրականացնել բարեփոխումներ: Մի քանի անգամ մեզ դա հաղոջվել է, և հռչակագրերում, համաձայնագրերում արտացոլվել են այն քաղաքական սկզբունքները, որոնց շուրջ ձևավորվել են դաշինքներ: Մենք այդ քաղաքական դիրքորոշումից չենք հրաժարվում»,- ասել է Տիգրան Սարգսյանը: