Home / Հայաստան / Շամշյանը պատրաստվում է դիմել Էթիկայի հանձնաժողով. բողոքում է ՀՀԿ-ականի վարքից

Շամշյանը պատրաստվում է դիմել Էթիկայի հանձնաժողով. բողոքում է ՀՀԿ-ականի վարքից

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պատրաստվում է դիմել Ազգային ժողովի նախագահին, ԱԺ-ի Էթիկայի հանձնաժողովին, ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ոստիկանապետին՝ բողոքելով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի դեմ: Այսօր, երբ Շամշյանը լուսանկարելիս է եղել Գևորգյանին, վերջինս հայհոյել է  նրան ու սպառնացել, որ «կսատկացնի», հաղորդում է shamshyan.com-ը:

Այսօր Գագիկ Շամշյանը Հանրապետության հրապարակի «Արարատ» ռեստորանային համալիրի կամարի տակ լուսանկարել է «Մերսեդես» մակնիշի 005 DD 05 համարանիշի ավտոմեքենան, որի մոտ կանգնած է եղել պատգամավորը՝ ինչ-որ անձի հետ:

Քանի որ ավտոմեքենայի ապակիները մգեցված են եղել, ֆոտոլրագրողը փորձել է պատգամավորից պարզել, թե արդյո՞ք ավտոմեքենան իրենն է, և ԱՊՊԱ-ի ու տեխզննման կտրոնները փակցվա՞ծ են դիմապակուն:

Շամշյանը նշում է, որ սկզբում պատգամավորը հերքել է, որ ավտոմեքենան իրենն է, սակայն հայտնել է նաև, որ ԱՊՊԱ կտրոնը փակցված է: Զրույցն ավարտվել է կամարների մոտ: Քիչ անց պատգամավորը ֆոտոլրագրողին տեսել է Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ և բարկացել, թե «ինչի համար ես նկարում ավտոմեքենան», ապա հայտարարել է. «Ոչ քեզանից, ոչ էլ ոչ ոքից չեմ վախենում: Հա, իմ ավտոն ա, որ կա»:

Այնուհետև Շամշյանը պատգամավորից փորձել է ճշտել, թե ինչո՞ւ է նրա կոստյումի վրայից բացակայում կուսակցության կրծքանշանը:

Ըստ ֆոտոլրագրողի՝ լսելով դա՝ Գևորգյանը սկսել է հայհոյանքներ և սպառնալիքներ տալ, թե՝ «ս……. էղի, մուտիլովկա ես անում», ինչին ֆոտոլրագրողը հակադարձել է, որից հետո պատգամավորը սկսել է շարունակել հայհոյանքներն ու սպառնալիքները, ասելով՝ «կսատկացնեմ»:

Ֆոտոլրագրողը նաև հայտնում է, որ նշված ավտոմեքենայի դիմապակուն կար ԱՊՊԱ կտրոնը, սակայն բացակայում էր տեխզննման կտրոնը:

 Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի