Ռուսաստանցի իրավաբան Սամվել Կոչոյին ուսումնասիրել է «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը և չի հասկացել՝ որտեղ է տուժողը կամ որտեղ է երևում, որ Օսկանյանի կողմից փողերի յուրացման փաստ կա: Այս մասին նա ասել է այսօր հայաստանցի լրագրողների հետ հանդիպմանը:
Կոչոյին նախ ասել է, որ իր համար հասկանալի չէ, թե ինչ նպատակ ունի Օսկանյանին մեղադրել մի բանում, որում հանցակազմ չկա, միևնույն ժամանակ, չի բացառել, որ դա կարող է կապված լինել առաջիկա նախագահական ընտրությունների հետ:
«Ես հույս ունեմ, որ ի վերջո նրա վրայից կհանվեն այդ մեղադարանքները, սա միջազգային հանցագործություն է, և եթե մեղադրում են այդ հանցանքի մեջ, ապա դրա համար պետք է ունենալ շատ ծանրակշիռ հիմքեր»,- ասել է Սամվել Կոչոյին:
Նրա խոսքով՝ ինքն այս գործն ուսումնասիրելիս փորձել է լինել օբյեկտիվ:
Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը, ով նույնպես ներկա էր ասուլիսին, նշել է, որ իրենք դիմել են նաև Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պետության և իրավունքի ինստիտուտին, որը ևս տվել է իր եզրակացությունը, որը ստորագրված է այդ ինտիտուտի տնօրենի կողմից և որում ևս նշված է, որ Օսկանյանին առաջադրված մեղադրանքներում բացակայում է հանցակազմը:
«Ես էլ չգիտեմ՝ էլ ում կանչեմ: Իրենք, միևնույնն է, չեն հավատում, որովհետև իրենց հանձնարարված է չհավատալ և ոչ մի օբյեկտիվ կարծիքի: Մեր երկրում իրավական առումով իրավապահ մարմինների համար, այդ թվում՝ գլխավոր դատախազության համար որևէ նշանակություն չունի: Մեր երկրում Սահմանդրությունը ոչ մի նշանակություն չունի, իրավապահ մարմինների համար, էլ ուր մնաց գիտնականների կարծիքը»,- ասել է Աթանեսյանը:
Խոսելով Օսկանյանի գործի ընթացքի մասին՝ Տիգրան Աթանեսյանը նշել է, որ այժմ ստուգվում են Օսկանյանի բոլոր տարիների բանկային հաշիվները:
«Ես շատ լավ հասկանում եմ գործը, դրա բովանդակությունը և դրա էությունը: Ինչ-որ մի բան էլ են փնտրում, պարոն Օսկանյանի վրա իրենց հանձնարարված է մի բան էլ գտնել: Տեսնենք՝ էլ ինչ կգտնեն, ասենք ո՞ւմ է ծեծել 1992 թվին փողոցում: Մի բան էլ, որ ցույց տան՝ այս մարդը հանցագործ է: Կամ էլ պոլիտեխնիկում էր սովորում, Գյուղինստիտուտի հետ, ոնց էլ լինի, կռիվ արած կլիներ: Ծիծաղում ենք, բայց լացելու իրավիճակ է, մենք խոսում ենք մեր երկրի ԱԱԾ-ի մասին: Այս ծառայությունը պետք մեր ժողովրդին ծառայի, այլ ոչ թե նման վիճակում հայտնվի: Ես ցավում եմ նրանց համար»,- ասել է Տիգրան Աթանեսյանը: