ՀՀ կառավարության առընթեր ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ՀՀ ԱԳՆ-ի շենքի վաճառքի հետ կապված որոշման մեջ ոչ մի արտառոց բան չի տեսնում:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սահակյանը նշել է, որ իրենք ընդամենը որոշել են գնահատված արժեքի հարյուր տոկոսի չափով գույքը օտարել աճուրդով: Եվ դա, նրա խոսքով, արվել է այն պատճառով, որ այս ընթացքում ձևավորվել է հասարակական պահանջ, ինչպես նաև գործարքի մեջ պետք է մութ անկյուններ չմնան:
«Դա իրենից ենթադրելու է, որ ցանկացած իրավաբանական, ֆիզիկական անձ կարող է մասնակցել աճուրդին և ձեռք բերել: Խնդիրը եղել է, որ ամենը լինի ավելի թափանցիկ»,- ասել է Արման Սահակյանը
Նշենք, որ հոկտեմբերի 4-ին հայտարարվել էր, որ շենքը վաճառվել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «Տանգո» ընկերությանը 52 միլիոն դոլարով, սակայն այս շաբաթ որոշում է կայացվել շենքն աճուրդի հանել:
Արման Սահակյանի խոսքով՝ այս պահին էլ «Տանգո» ընկերությունը չի հրաժարվել գույքը ձեռք բերելուց:
«Մենք այս պահին «Տանգո» ընկերության հետ, որը հայտնի գնորդ է, կնքելու ենք նախնական պայմանագիր այն պայմանով, որ եթե աճուրդի ընթացքում ձևավորվի ավելի բարձր գին տվող գնորդ, պետք է գույքն օտարենք նրան, եթե ոչ, ապա մենք մեր բանակցությունների ընթացքը «Տանգո» ընկերության հետ կշարունակենք», – ասել է Սահակյանը:
Նշենք նաև, որ, համաձայն կառավարության որոշման, հնարավորություն է տրված մրցույթն անցկացնել երեք ամսվա ընթացքում: