Այսօր առավոտյան՝ 08:00-ին, Հայաստանի տարածքում բացվել են ընտրատեղամասերը, մեկնարկել են ՀՀ նախագահի ընտրությունները: 08:00-ից մինչև 09:00-ն Epress.am-ի թղթակիցը շրջել է Երևանի Կենտրոն և Շենգավիթ համայնքներում գտնվող մոտ 10 ընտրատեղամասերում:
Ի տարբերություն 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների, երբ վաղ առավոտից ընտրողների բավական մեծ հոսք էր նկատվում, այսօր ընտրատեղամասերում հանդարտ էր, հերթեր և կուտակումներ չկային:
Մի քանի դպրոցներում, որտեղ տեղակայված են ընտրատեղամասերը, մուտքի մոտ ընտրողին դիմավորում էր ՀՀ նախագահ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի լուսանկարը, որը փակցված էր պատին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի լուսանկարի կողքին:
Խորենացի փողոցի բակերից մեկում Epress.am-ի թղթակիցը իրար հետևից շարքով կանգնած 6 դատարկ գազելներ է նկատել: Թեև նրանք դեղին համարներով էին, սակայն երթուղային համարներ դրանց վրա փակցված չեն եղել: Այն պահին, երբ մեր թղթակիցը փորձել է մոտենալ գազելներին, դրանք դուրս են եկել բակից և հեռացել են:
Քիչ անց՝ 08:30-ի սահմաններում, իրար հետևից երթևեկող առանց երթուղու համարների 4 գազել նկատել ենք նաև Երվանդ Քոչար փողոցում: Հիշեցնենք, որ 2012 թվականի մայիսին դիտորդական առաքելություն իրականացնող տարբեր կազմակերպություններ և քաղաքական ուժեր արձանագրում էին, որ մարդկանց գազելներով բերում էին քվեարկության:
Aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտից չի գործում թիվ 82 երթուղային գիծը, որը սպասարկում է Նոր Նորքի 8-րդ զանգված-Նժդեհի հրապարակ երթուղին: «Գծի տերը» ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է:
Նշենք, որ, ի տարբերություն 2012-ի ընտրությունների անձնագրերի մեջ դրվող կնիքներն այս անգամ ավելի լավ են պահպանվում՝ մեկ ժամ անց դրանք դեռևս չեն ցնդել:
ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալներով, փետրվարի 17-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է` 2.505.980: