Home / Տեսանյութեր / Բաքվի կենտրոնում բազմահազարանոց ակցիայի մասնակիցներին դատելու են (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Բաքվի կենտրոնում բազմահազարանոց ակցիայի մասնակիցներին դատելու են (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Երեկ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված 12 ակտիվիստների գործերն այսօր հանձնելու են Սաբայիլի շրջանի դատարան: Մարտի 10-ին կազմակերպված բազմահազարանոց ցույցի մասնակիցները բողոքում էին բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի դեմ: 12 ակտիվիստները ոստիկանության կողմից բերման են ենթարկվել Բաքվի կենտրոնում գտնվող Շատրվանների հրապարակից:

Ինչպես հաղորդում է Turan գործակալությունը, ևս 30 մարդու, այդ թվում՝ լրագրող Հադիջա Իսմաիլովային, ոստիկանության բաժանմունքից տարել են Բաքվից 60 կմ հեռավորության վրա գտնվող Գոբուստան և թողել են ամայի տարածքում:

Իրավապաշտպան Ինթիգամ Ալիևը, ով նույնպես բերման է ենթարկվել, հայտնել է, որ ևս 56 հոգու ոստիկանները տեղափոխել են Յասամալի շրջանային ոստիկանություն, որոնցից 54-ին հետագայում բաց են թողել առանց գրանցման: Եվս երկուսին ձերբակալել են և տեղափոխել են Սաբայիլի շրջանի ոստիկանություն:

Բողոքի ակցիան կազմակերպել է երիտասարդ ակտիվիստների մի խումբ Facebook սոցիալական ցանցի միջոցով: Ոստիկանությունը ցրել է ցուցարարներին՝ օգտագործելով ջրանետ սարքեր, աղմկահար նռնակներ և այլ հատուկ միջոցներ:

«Մուսավաթ» կուսակցության տեղեկատվության համաձայն, ձերբակալված անձանց ծեծի էին ենթարկում արդեն ոստիկանական մեքենաների մեջ: Ոստիկանությունը բերման է ենթարկել նաև զոհված զինծառայողներից մի քանիսի ծնողներին, որոնց քարշ էին տալիս ասֆալտով:

Ակցիան մոտ մեկ ժամ է տևել: Մարդիկ վանկարկում էին՝ «Հրաժարական», «Ոստիկանություն, մի տանջիր մարդկանց», «Չենք հեռանա»: