«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորումը» (ՇԱԳԱՄ) հետամուտ է լինելու Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով նախաքննության ընթացքին, հանցագործության բացահայտմանը, ինչպես նաև կատարողներին և պատվիրատուներին օրենքով նախատեսված առավելագույն պատժի իրականացմանը: Այս մասին ասված է ՇԱԳԱՄ-ի հայտարարության մեջ:
«Այսօր հողին հանձնեցինք մեր մարտական ընկեր Հրաչ Մուրադյանին, որի նենգաբար սպանության լուրը ինչպես յուրաքանչյուր ազատամարտիկի, այնպես էլ ցանկացած հայ մարդու մոտ առաջացրել է մեծ ցավ և զայրույթ:
Դավադիր գնդակը, ինչը կարող էր արձակվել միայն թշնամու կողմից, մեր պայքարի շարքերից ֆիզիկապես հեռացրեց Հայոց Ազատամարտի նվիրյալներից մեկին:
Կրկին սպանվել է ազնիվ, անկաշառ, հայրենիքին ու ժողովրդին նվիրված հայորդի:
Սա հերթական սրբապղծությունն է, ինչը տեղի է ունենում իշխող ռեժիմի օրոք:
Հրաչն ու մեր բոլոր նահատակները անմահ են», – նշում են հայտարարության հեղինակները: