ՀՀ առողջապահության նախարարության քաղաքականությունը դեղերի շուկայում ոլորտը նպատակաուղղված տանում է փակուղի: «Հայկական ժամանակ» թերթի հետ զրույցում նման հայտարարություն է արել դեղերի ներկրմամբ զբաղվող խոշոր ընկերություններից մեկի՝ «Վագա-Ֆարմի» սեփականատեր Վահե Վարսանյանը:
«ՀԺ»-ի տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանը գրում է, որ «Վագա-Ֆարմն» անցած տարվա ապրիլին «Կոլդրեքս» հայտնի անունով դեղ էր ներկրել Հայաստան, որի մանրածախ գինը՝ վաճառքի հանվելու դեպքում մոտ 40 տոկոսով էժան կլիներ շուկայում արդեն վաճառվող նույն դեղամիջոցից: Դեղի ներմուծման գինն էժան էր միայն այն պատճառով, որ դեղը փաթեթավորված էր այլ երկրի համար:
Դեղարտադրողները, ամեն երկրում հաշվի առնելով շուկայի մեծությունը, ներքին օրենսդրությունը, տարբեր գներով են այն վաճառում: Ու այնպես է ստացվել, որ «Վագա-Ֆարմն» այդ նույն դեղը Լեհաստանից ձեռք էր բերել անհամեմատ ավելի էժան գնով և ներկրել Հայաստան: ՀՀ օրենսդրությունը դա չի արգելում:
Գևորգյանը նշում է, որ դեղերը հայկական շուկա չթողնելու համար նախարարությունը կառչել է դեղի փաթեթավորման վրա գրված «hotrem» բառից, որը նշանակում է «տաք ըմպելիք» և բաղադրության հետ ոչ մի կապ չունի: Այդ արգելքը հանելու պահանջով «Վագա-Ֆարմը» դատի էր տվել նախարարությանը: Առաջին երկու ատյաններում պարտվելուց հետո՝ նախարարությունը ոչ թե արգելքն է հանել, այլ դիմել է Վճռաբեկ դատարան, որը գործը քննության չի առել, այսինքն՝ դեղը արդեն կարող է դուրս բերվել վաճառքի:
«Այդ դեղամիջոցը մրսածության դեմ է: Դեղի օգտագործման շրջանն ավարտվել է, իսկ մի քանի ամսից էլ լրանում է պիտանելիության ժամկետը», – «ՀԺ»-ի հետ զրույցում ասել է Վարսանյանը: Նրա խոսքով՝ նախարարության խարդախությունները այսքանով չեն սահմանափակվում. խախտելով օրենքով սահմանված ներմուծման թույլտվություն տալու տասնօրյա ժամկետը՝ անհեթեթ պատճառաբանություններով թույլ չեն տալիս ընկերությանը գրանցված այլ դեղերը բերել հանրապետություն:
«Սա քինախնդրություն է: Նախարարությունը չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ կարող է կորցնել իր կամայական աղդեցությունը դեղերի շուկայում»,- ասել է Վարսանյանը:
Նա հիշեցրել է ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի հայտարարությունը, թե «թույլ չենք տալու, որ նախադեպ ստեղծվի»:
«Եթե Նախարարությունը նման ձևերով չխոչընդոտի դեղերի ներկրմանը, ապա Հայաստանում դեղերը կէժանանան: Վահե Վարսանյանը բերում է մի քանի օրինակ, որ Արևելյան Եվրոպայի երկրներում միևնույն դեղը մի քանի անգամ ավելի էժան է, քան Հայաստանում: Դեղարտադրողը ինքն է որոշում, թե տվյալ երկիր ուղարկվող դեղը ինչ գնով պետք է ներկրվի: Եթե մեր ներկրողները ունենան այլ երկրներից տվյալ դեղը ՀՀ ներկրելու հնարավորություն, ապա դա կսահմանափակի նաև դեղարտադրողների՝ գները բարձրացնելու ախորժակը: Ստացվում է, որ Առողջապահության նախարարությունը ինչ-ինչ նպատակներից ելնելով, ամեն ինչ անում է դեղերի էժանացման հնարավորությունները նվազեցնելու համար: Եվ սա ԱՆ-ի՝ պետությանը հասցրած միակ վնասը չէ: «Վագա-Ֆարմը» դիմել է դատարան՝ իր կրած վնասները փոխհատուցելու պահանջով», – գրում է Գևորգյանը: