Թեև Հայաստանում 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում խոսքի ազատությունը, մարդկանց տեղաշարժվելու իրավունքը հիմնականում չի ոտնահարվել, դիտորդներն արձանագրել են ընտրակաշառք բաժանելու մասսայական դեպքեր, ինչպես նաև ընտրողների վրա ճնշում գործադրելու դեպքեր:
2013 թվականի մարդու իրավունքների վիճակին նվիրված զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում խորհրդարանական ընտրություններին նման գնահատական է տվել «Ամնեսթի Ինթերնեյշնլ» իրավապաշտպան կազմակերպությունը:
Գնահատելով երկրում խոսքի ազատության մակարդակը՝ միջազգային կազմակերպությունը նկատել է, որ իրավիճակը վատթար է եղել այն պատճառով, որ որոշ մարդիկ, ում կարծիքը համարվել է ոչ հայրենասիրական և հակաազգային, դարձել են հանրային քննադատության և բռնության թիրախ:
«Ոստիկանությունը և տեղական իշխանությունները երբեմն համագործակցել են հարձակումներ գործողների հետ: Նրանք նաև հավուր պատշաճի չեն հետաքննել նման արարքները և հրապարակայնորեն չեն դատապարտել դրանք», – գրում են զեկույցի հեղինակները:
Այս համատեքսում՝ իրավապաշտպան կազմակերպությունը հիշերցրել է ադրբեջանական ֆիմերի ցուցադրման փորձերը, որոնք ձախողվել են Գյումրիում և Վանաձորում:
Զեկույցը նաև անդրադարձել է DIY բարի պայթեցման դեպքին: Իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը արդարացրել է հրապարակայնորեն այդ արարքը, իսկ ՀՅԴ-ական պատգամավորները գրավ են վճարել և ազատել բարը պայթեցնողներին:
«Ամնեսթի ինթերնեյշնլ»-ը, հղում անելով Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցին, նշել է, որ, մասնավորապես, Կենտրոն քրեակատարողական հիմնարկում պայմանները անմարդկային կարելի է անվանել:
Զեկույցում առանձին կետով անդրադարձ է կատարվում նաև խղճի ազատության հիմնահարցին: Շեշտվում է, որ այլընտրանքային ծառայությունը շարունակում է մնալ զինվորական իշխանության հսկողության տակ: Զեկույցը հիշեցնում է, որ 2012-ի ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի դեմ 4-րդ վճիռ է ընդունել՝ խղճի ազատության խախտման համար, մասնավորապես, բավարարելով 17 Եհովայի վկաների հայցը:
Նույն որոշումով ՄԻԵԴ-ն փաստել է, որ Հայաստանում անօրեն ազատազրկվելու համար փոխհատուցում ստանալու իրավունքը ևս ոտնահարվել է: