Թուրքիայում երրորդ օրն անընդմեջ շարունակվում են կատաղի բախումները ցուցարարների և ոստիկանների միջև: Տարբեր քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ: Հիշեցնենք, որ շարժումը սկսվել է Ստամբուլում, որտեղ ակտիվիստները պահանջում են չվերացնել քաղաքի կենտրոնում՝ Թաքսիմ հրապարակի հարևանությամբ գտնվող Գեզի այգին: Քաղաքային իշխանությունները որոշել են այդ վայրում առևտրի կենտրոն և օսմանյան զորանոցների նմանակներ կառուցել, ինչը առաջացրել է հարյուրավոր մարդկանց դժգոհությունը:
Կիրակի Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, որը մինչ այդ իրադարձությունների կիզակետն էր, բախումներ չեն գրանցվել:
Ինչպես հաղորդում է «Ալ Ջազիրա» քաթարական հեռուստաընկերության կայքը, մարդկանց մի մասը վանկարկում և պահանջում էր վարչապետ Էրդողանի հրաժարականը, իսկ մյուս մասը՝ պարում: Քաղաքի այդ հատվածում ոստիկանները գրեթե չեն միջամտել ակտիվիստների գործողություններին:
Սակայն Թաքսիմից մոտ 4 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բեշիքթաշ կենտրոնական թաղամասում ակտիվիստների և ոստիկանների միջև բախումները շարունակվել են:
Իրավապահները արցունքաբեր գազի և ջրցան մեքենաների օգնությամբ փորձել են թույլ չտալ, որպեսզի ցուցարարները մոտենան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստամբուլյան գրասենյակ, որը գտնվում է Դոլմաբահչե պալատում:
Ցուցարարներն օգտագործել են մեխանիկական հողափորներ և բեռնատարներ՝ ոստիկանության շարքերը քանդելու և կառավարության շենքին մոտենալու նպատակով:
Ոստիկանները կրկնապատկել են իրենց ուժերը և ցուցարարներին հետ մղել: Ցուցարարներից շատերը լուրջ վնասվածքներ են ստացել արցունքաբեր գազից:
Լուրջ բախումներ են եղել նաև Անկարայի Քիզիլար հրապարակում: Ոստիկանությունը ներխուժել է հրապարակի մոտակայքում գտնվող առևտրի կենտրոն և կալանավորել ավելի քան 1000 մարդու, ովքեր փորձում էին այնտեղ պատսպարվել:
Իզմիրում բողոքողները հրդեհել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսացկության գրասենյակը: Հրդեհը հաջողվել է մարել:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը Hurriyet օրաթերթին ասել է, որ ավելի քան 200 բողոքի ցույցեր են տեղի ունեցել 67 քաղաքներում: Կան հարյուրավոր վիրավորներ:
Կիրակի օրը Էրդողանը կոչ է արել դադարեցնել անկարգությունները՝ ասելով. «Եթե սիրում եք այս երկիրը, եթե սիրում եք Ստամբուլը, մի տրվեք այս խաղերին»:
Նա մեղադրել է ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությանը (CHP) «ամբոխներին հրահրելու» մեջ:
Հանրապետական Ժողովրդական կուսակցությունը, իր հերթին, հերքել է անկարգությունների կազմակերպումը՝ Էրդողանին մեղադրելով սխալ ներքին քաղաքանության մեջ:
«Այսօր Թուրքիայի փողոցներում պայքարող մարդիկ բացառապես CHP-ից չեն, այլ մյուս բոլոր գաղափարախոսական հոսքերից և կուսակցություներից»,- ասել է CHP-ի ղեկավարներից մեկը՝ Մեհմեթ Աքիֆ Համզաջեբին: