ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, խորը ափսոսանք են հայտնում առ այն, որ հակամարտող կողմերը բանակցային գործընթացում չեն կարողացել խնդրի լուծման հասնել: Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ այսօր ընդունած համատեղ հայտարարության մեջ, որն արդեն հինգերրորդն է, երեք երկրների նախագահներն ափսոսանք են հայտնում այն կապակցությամբ, որ «բանակցային գործընթացում փոխադարձ շահերի վրա հիմնված լուծում գտնելու փոխարեն, հակամարտության կողմերը շարունակում էին միակողմանի շահի ձգտել»:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախորդ հայտարարությունը հեղինակել էին ուղիղ 1 տարի առաջ մեքսիկական Լոս-Կաբոսում: Այսօրվա փաստաթուղթը նախագահները տարածել են Հյուսիսային Իռլանդիայի Էնիսկիլենում «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ:
«Համոզված ենք, որ խաղաղ կարգավորմանը հանգեցնելու ունակ հավասարակշռված շրջանակային համաձայնագրի կնքման ձգձգումն անընդունելի է: Կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին նոր եռանդով կենտրոնանալ այն հարցերի լուծման վրա, որոնք դեռևս բաց են մնում», – նշված է հայտարարության մեջ:
Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան վստահություն են հայտնել, որ վերջին 4 տարիների ընթացքում արված իրենց հայտարարությունները պետք է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և ամուր կարգավորման հիմք հանդիսանան»:
Երեք երկրների առաջնորդների կարծիքով՝ փաստաթղթերում առկա դրույթները պետք է հաշվի առնել որպես մեկ ամբողջություն, քանի որ որևէ մեկին նախապատվություն տալու յուրաքանչյուր փորձ բացառում է հավասարակշռված որոշման հնարավորությունը:
«Մենք վճռական կոչ ենք անում բոլոր կողմերի ղեկավարներին ևս մեկ անգամ վերահաստատել հավատարմությունը Հելսինկյան սկզբունքներին, մասնավորապես, ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի անընդունելիությանը, տարածքային ամբողջականությանը և ազգերի ինքնորոշման իրավունքին», – եզրափակում է համատեղ հայտարարությունը: