Այսօր Վերաքննիչ դատարանում ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով դատական նիստի ժամանակ ցուցմունք են տվել երկու վկաներ՝ Սահակ Մուրադյանն ու Արեգ Գևորգյանը, իսկ այսօրվա համար դատակոչված մյուս վկաները՝ Վահագն Գևորգյանը և Նշե Մոդոյանը չեն ներկայացել դատարան: Վահագն Գևորգյանը չի ներկայացել երկրում չլինելու պատճառով, իսկ Մոդոյանի ծանուցումը հետ է վերադարձվել: Ամբաստանյալները պնդել են, որպեսզի վկաները հարցաքննվեն՝ նշելով, որ նրանց ցուցմունքները կարևոր են: Մասնավորապես, նշվել է, որ Մոդոյանը նախորդ ատյանում կայացած նիստերի ժամանակ հակասական մտքեր է հայտնել: Դատարանը խոստացել է միջոցներ ձեռնարկել այդ վկային գտնելու համար:
Իր ցուցմունքում Արեգ Գևորգյանը պատմել է, որ երբ ինքն ընկերների հետ մոտեցել է դեպքի վայրին, Տիգրան Առաքելյանն արդեն գետնին է եղել, իսկ Արտակ Կարապետյանը հայտնվել է գետնին, մինչ ինքը՝ Արեգը կանցներ փողոցը: Ըստ Գևորգյանի՝ ոստիկանական բաժին հասնելուն պես, ոստիկանները քարշ տալով մեքենայից դուրս են հանել Տիգրան Առաքելյանին, իսկ արդեն ոստիկանությունում, Արեգը տեսել է, թե ինչպես է ոստիկաններից մեկը խնդրել մյուս ոստիկաններին բռնել Տիգրանին, և ինքը քիթը մաքրել է Տիգրան Առաքեյլանի վերնաշապիկով: Այդ ոստիկանն էլ այժմ գործով տուժող է, պնդում է, որ իր քիթը ջարդվել է: Գևորգյանը նկատել է, որ քիթը ջարդած մարդը ցավի պատճառով չէր կարողանա այն վերնաշապիկով մաքրեր:
Արեգ Գևորգյանն ասել է, որ ոստիկանությունում իրենք պահանջ են ներկայացրել, որպեսզի գործով զբաղվի հատուկ քննչական ծառայությունը, քանի որ ոստիկանություն բոլոր օղակները ներգրավված են եղել միջադեպում և հանդիսանում են շահագրգիռ կողմ: Վկան պատմել է նաև այն մասին, որ բերման ենթարկվածցներից Արտակ Կարապետյանին ոստիկանները տարել են երկրորդ հարկ և ծեծի ենթարկել նրան, իսկ դրան հավանաբար ականատես են եղել բարձրաստիճան ոստիկաններ Վալերի Օսիպյանը, Գրիգոր Ամիրխանյանը, Ռոբերտ Մելքոնյանը, ովքեր ևս բարձրացել են երկրորդ հարկ:
Դատավոր Եվա Դարբինյանի այն հարցին, թե արդյոք իրենք՝ բերման ենթարկվածները, հայհոյել են, Արեգ Գևորգյանը պատասխանել է, թե հավանական է, որ իրենք էլ հայհոյած լինեին, սակայն դա շատ մեղմ արձագանք է ոստիկանության ներկայացուցիչների բազում վիրավորանքներին ու ծեծերին:
Արեգ Գևորգյանն ընդգծել է, որ իրենց բերման ենթարկելու շարժառիթը խիստ քաղաքական է եղել: Ըստ Գևորգյանի՝ իշխանությունները ցանկանում էին խուսափել ՀԱԿ-ի հետ բանակցություններից, այդ պատճառով դիմել են սադրանքի, քանի որ երկխոսություն ծավալելու համար ՀԱԿ-ի նախապայմանն էր քաղբանտարկյալների բացակայությունը:
Վկայի ցուցմունքից հետո միջնորդություն է ներկայացրել ամբաստանյալ Սարգիս Գևորգյանը: Նա ընթերցել է միջադեպից երկու օր անց այդ ժամանակ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի տված ասուլիսի սղագրությունը և միջնորդել այն կցել գործին, իսկ Ալիկ Սարգսյանին դատակոչել որպես վկա:
Ըստ Գևորգյանի՝ այդ ասուլիսին հնչեցրած մտքերով Ալիկ Սարգսյանն ավելի մեծ չափով տեղեկատվություն է հայտնել է, քան իրենք՝ գործում ներգրավվածները գիտեն՝ դրանով խախտելով նախաքննության գաղտնիքը պահելու սկզբունքը: Բացի դրանից, նրա խոսքերը վկայում են, որ ոստիկանապետը ճնշում է գործադրել նախաքննական մարմնի վրա:
Ալիկ Սարգսյանը, մասնավորապես, ասել էր, որ ՀԱԿ ակտիվիստները 3-4 ամիս է «ոստիկանաորս են սկսել», ու Կարապի լճի մոտ 7 ակտիվիստները ծեծի են ենթարկել ոստիկաններին:
Մյուս ամբաստանյալները և նրանց ներկայացուցիչ Ստեփան Ոսկանյանը միացել են Ալիկ Սարգսյանին որպես վկա հարցաքննելու միջնորդությանը, իսկ Արտակ Կարապետյանն էլ ավելացրել է, որ դա անհրաժեշտ է, քանի որ նախկին ոստիկանապետի և ոստիկանների որոշ ասածները չեն համընկնում, և պետք է պարզել, թե ով է ստողը: Սարգիս Գևորգյանի՝ տեքստը ընթերցելու ժամանակ Տիգրան Առաքելյանը միջամտել է՝ հայտարարելով, որ, Սարգսյանի նման խոսքերը լսելով, զարմանալի է, թե ինչպես նրան կարելի չկանչել դատարան:
Այնուամենայնիվ, Եվա Դարբինյանը մերժել է Ալիկ Սարգսյանին դատարան հրավիրելու միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ Սարգսյանը դեպքին ականատես չի եղել և իր ցուցմունքը գործում էական նշանակություն չի ունենա: