Այսօր նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիա են անցկացրել Արագած համայնքի քաղաքացի Գուրգեն Գասպարյանի հարազատները, ովքեր բողոքում էին Արմավիրի դատարանի կայացրած վճռի դեմ:
Գասպարյանը մեղավոր է ճանաչվել գողություն կատարելու մեջ և դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Նույն գործով վճիռներ կան ևս երեք հոգու դեմ: Սակայն, ըստ բողոքի մասնակիցների, Գասպարյանի դեմ որևէ ապացույց չկա, բացի այն, որ գողությունը կատարվել է նրա ավտոմեքենայով, որը խնդրել էր ընկերներից մեկը: Քննիչի ձեռք բերած մյուս ապացույցը դատաքննության փուլում հերքվել է. վկան դատարանում հայտարարել է, որ իրեն ստիպել են ցուցմունք գրել Գուրգեն Գասպարյանի դեմ:
Դատապարտվածի մայրը՝ Անահիտ Սարգսյանը, Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ինքը երկու անգամ դիմել էր նախագահին, սակայն դա չի օգնել, որպեսզի դատարանն արդար վճիռ կայացնի: Այժմ կողմը բողոքարկում է վճռիը վերաքննիչ դատարանում:
«Մենք չունևոր չէինք, որ տղաս գնար գողություն անելու: Ոչ մի բան հաշվի չառան, էն, որ իմ տղան այդտեղ չի եղել: Իմ տղան աշխատում էր Ռուսաստանում, նրա գործառուները գրել են, որ Գուգենը լավ աշխատող է: Արդարադատություն կարո՞ղ է լինել այս երկրում, թե՞ ոչ: Ոչ բողոք կա, ոչ վկա, ոչ մի ապացույց: Այսպես են անում, որ մարդ չի մնում էս երկրում, բոլորը ուզում են գնալ»,- ասել է մայրը: