Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Կարինե Քալանթարյանը «Հայկական ժամանակ» թերթի հետ զրույցում պարզաբանել է՝ ինչու ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին ու Լևոն Զուրաբյանին թույլ չեն տվել մտնել «Նուբարաշեն» և «Երևան» ՔԿՀ-ներ: Հիշեցնենք, որ պատգամավորները մտադիր էին հանդիպել նոյեմբերի 5-ին ձերբակալվածների հետ: Լևոն Զուրաբյանին թույլ չէին տվել հանդիպել նաև Արաբկիրի ոստիկանապետի հետ, որտեղ նա եկել էր «Արտլաբի» արվեստագետների ձերբակալումից հետո:
Կարինե Քալանթարյանը, պարզաբանելով որոշումը, ասել է, որ նախաքննության մարմինն արգելանք է դրել հանդիպումների վրա, «որովհետև նրանք կալանավորներ են, դատապարտյալներ չեն, և այս դեպքում նախաքննական մարմինն է որոշում»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Փաշինյանն այցեցել է ՀՀ Ոստիկանության Ձերբակալվածների պահման վայր և այնտեղ հանդիպում ունեցել նոյեմբերի 5-ի Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունցած միջադեպի կապակցությամբ ձերբակալված անձանց հետ: Փաշինյանի խոսքով՝ Շանթ Հարությունյանն իրեն ասել է, որ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և ՀՀ ոստիանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը իր նկատմամբ բռնություններ են կիրառել:
Զուրաբյանն ու Փաշինյանը ՔԿՀ-ներ մուտք գործելու մասին հարցը բարձրացրել էին նաև երեկ՝ ԱԺ-ի քառօրյայի մեկնարկին:
«Ի՞նչ քայլեր կարող է ԱԺ-ն ձեռնարկել, որ ապահովվի պատգամավորների սահմանադրական իրավունքի կիրառումը»,- մասնավորապես, ասել էր Զուրաբյանը:
Փաշինյանը, իր հերթին, նշել է, որ այս քառօրյայում ևս ընդգրկված են օրենքներ, որոնք վերաբերում են քրեակատրողական հիմնարկներին: «Ինչո՞ւ ենք քննարկում այդ օրենքները, եթե, միևնույնն է, դրանք չեն գործելու»,- ասել էր պատգամավորը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է, որ իրենք ամեն ինչ պետք է անեն, որ օրենքը գործի: «Ինձ ավելի մանրամասն տեղեկություն տվեք, և ես անձամբ կդիմեմ գերատեսչությունների ղեկավարներին: Ես հետամուտ եմ լինելու, փորձելու ենք հրավիրել գերատեսչությունների ղեկավարներին»,- նշել էր Աբրահամյանը:
Սպասվում է, որ այսօր նշված հարցի վերաբերյալ ԱԺ-ում պարզաբանումներ կտան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: