Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, ով ամեն հինգշաբթի մասնակցում է կառավարության կամ նախագահական նստավայրի մոտ անցկացվող բողոքի ակցիաներին, կասկածում է, թե իր ընտանիքի դեմ դավադրություն է հասունանում: Այս մասին վերջինս ասել է Epress.am-ի հետ զրույցում և որպես խոսքերի ապացույց մատնանշել նոյեմբերի 4-ին որդու գերեզմանի հետ կատարվածը:
Մայրը պատմել է, որ հանգստություն գտնելու համար գրեթե ամեն օր այցելում է որդու շիրիմին, սակայն նախորդ շաբաթ ինքնազգացողության վատացման պատճառով երեք oր ի վիճակի չի եղել գերեզմանատուն գնալ և երբ այցելել է, տեղում նկատել է, որ տանիքի հենասյուները խախտված են, իսկ պարիսպը տեղ-տեղ վնասված ու կոտրված:
Ավելի ուշ մայրն հասկացել է, որ գերեզմանի պարիսպը վնասվել է մեքենայի հարվածից, քանի որ անիվների հետքերը ու մեքենայի կապույտ ներկը տպվել է Ղազարյանի որդու գերեզմանը շրջապատող պարսպին:
Մայրը չի հավատում պատահականությանը՝ նշելով, որ որդու գերեզմանը երթևեկելի մասից բավականաչափ հեռավորության վրա է գտնվում:
Տեղի ունեցածի մեջ Ղազարյանը դիտավորություն ու սպառնալիք է տեսնում. նա վստահեցնում է, որ այդ քայլով իրեն զգուշացնում են հեռու մնալ ակցիաներից:
«Սպանեցին, հիմա էլ գերեզմանի մեջ չեն թողնում հանգիստ պառկի՞: Մեկ է՝ պայքարելու եմ», – ասել է մայրը: