ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «պատշաճ չի համարում» գնահատական տալ շաբաթվա սկզբին Ազգային ժողովում լրագրողների նկատմամբ պատգամավորների դրսևորած վարքագծին, ինչպես նաև չի մեկնաբանել երեկ Տնտեսագիտական համալսարանում ՀՀԿ-ական ուսանողների կողմից լրագրողներին հայհոյելու և նրանց աշխատանքը խոչընդոտելու փաստը։ Այս մասին նա ասել է այսօր՝ պատասխանելով լրագրողի հարցին։
«Ազգային Ժողովում համապատասխան հանձնաժողով կա, Էթիկայի հանձնաժողովը, որը պետք է զբաղվի այդպիսի դրսևորումներով: Կարծում եմ՝ այնքան էլ պատշաճ չէ վարչապետի կողմից գնահատական տալ, թե ինչպիսին էր պատգամավորների կեցվածքը: Պահվածքի մասին քննարկման տեղը Ազգային Ժողովն է»,- պատասխանել է վարչապետը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի Ազգային ժողովում Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված գազային պայմանագրերի վավերացման դեմ բողոքի ակցիա անցկացրած լրագրողներին ՀՀԿ-ական պատագմավոր Առաքել Մովսիսյանը «կապիկ» էր անվանել, իսկ նրա կուսակից Կարեն Կարապետյանը լրագրողների հասցեին «կազյոլ» բառն էր հնչեցրել։
Երեկ Տնտեսագիտական համալսարանում ՀՀԿ-ական ուսխորհրդի անդամները թույլ չէին տվել լրագրողներին երրրորդ հարկ բարձրանալ, որտեղ ընթանում էր Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը, և նրանց հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչեցրել։ Ի դեպ, վերոնշյալ ՀՀԿ-ականներից մեկի՝ Սևակ Խաչատրյանի «Ֆեյսբուքի» էջում նրա և Տիգրան Սարգսյանի լուսանկարն է տեղադրված։