Home / Հայաստան / Նախարարությունում չգիտեն՝ քանի դատապարտյալ է ներկայացվում պայմանական վաղաժամկետ ազատման

Նախարարությունում չգիտեն՝ քանի դատապարտյալ է ներկայացվում պայմանական վաղաժամկետ ազատման

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունում չգիտեն՝ տարեկան քանի դատապարտյալ է ներկայացվում անկախ հանձնաժողովին` պայմանական վաղակետ ազատվելու համար: Այս մասին գրում է Hetq.am-ը։

«Կոշ» ՔԿՀ դատապարտյալ Ռուբեն Ամատունին Hetq.am-ի հետ հեռախոսազրույցում նշել էր, որ սեփական վիճակագրությունն է վարել ու պարզել, որ մի քանի հոդվածներով ՔԿՀ վարչական հանձնաժողովը չի ներկայացնում դատապարտյալներին պայմանական ազատման։ Այդ հոդվածները պարունակում են սպանություն, մարմնական վնասվածք, դիտավորյալ մարմնական վնասվածք, խարդախություն, ավազակային հարձակում, կողոպուտ, գույքի հափշտակում, թմրամիջոցների վաճառք և օգտագործում, խուլիգանություն հանցակազմերը:

Կայքը դիմել էր ԱՆ քրեակատարողական վարչություն՝ հարցմամբ, թե տարեկան միջին վիճակագրությամբ ՔԿՀ-ների վարչական հանձնաժողովները քանի անգամ են ՔՕ վերը նշված հոդվածներով դատապարտված անձանց ներկայացրել անկախ հանձնաժողով` պայմանական վաղաժամկետ ազատման համար: Վարչությունից մեկ ամիս ժամանակ էին խնդրել՝ հարցմանը պատասխանելու համար, ապա հայտնել, որ նման վիճակագրություն չի վարվում:

Պատժից պայմանական վաղակետ ազատումը կարգավորվում է քրեական օրենսգրքի 76 և 77 հոդվածներով: Ըստ հոդվածների ծանրության աստիճանի` դատապարտյալները կարող են պայմանական վերադառնալ ազատություն պատժի 1/2, 1/3 կամ 2/3 մասը կրելուց հետո: Իսկ ցմահ դատապարտման պարագայում պատիժը կրելուց 20 տարի անց դատապարտյալը կարող է դիմել պայմանական ազատման (20 տարվա շեմը հատել է 6 ցմահ դատապարտյալ, պայմանական ազատում չի կիրառվել):

Հիշեցնենք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում ՔԿՀ-ներում պատիժ կրող մարդկանց ծնողները բողոքի ակցիաներ են անցկացրել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ պահանջելով, որ իրենց որդիների նկատմամբ գործի պայմանական վաղաժամկետ ազատման օրենքը:

Դատապարտյալների ծնողների խոսքով՝ իրենց որդիների ազատազրկման ժամկետի երկու երրորդը լրացել է, ու եթե ժամկետի լրանալուց վերջիններս լավ պահվածք են դրսևորում, կարող են դիմել համապատասխան հանձնաժողովին՝ բանտից ազատվելու խնդրանքով, սակայն դիմումների մեծ մասը մերժվել է:

Epress.am-ի թղթակցի հետ զրույցում բողոքողները նշել են, որ բազմաթիվ դիմում-բողոքներ են ուղարկել պատկան մարմիններին, այդ թվում՝ նախագահականի նամակների բաժին, սակայն որևէ պատասխան չեն ստացել:

Ակցիաներին մասնակցող իրավապաշտպան, «Հելսինկյան ասոցիացիա»-ի նախագահ Միքայել Դանիելյանը Epress.am-ի հետ զրույցում ասել էր, որ վաղաժամկետ ազատման օրենքը վաղուց չի գործում:

«Վաղաժամ ազատելու հարցով հանձնաժողովը շուտվանից չի աշխատում, մենք այդ խնդրի մասին նամակներ ենք ստանում, սակայն ոչ մի բանով չենք կարող օգնել, քանի որ ստանում ենք «հանձաժողովը որոշել է մերժել» պատասխանը, հաճախ՝ առանց հիմնավորման: Մեծ գումարներով մարդիկ ազատվում են, մեծ կոռուպցիա կա այդտեղ: Ուրիշներն էլ լավ պահում են իրենց, սակայն չեն ազատում: Հետո զանգում են մեզ ու ասում՝ ինչի՞ եմ աշխատում, եթե պետք է նստեմ մինչև վերջ»,- ասել էր Դանիելյանը: