ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Իսկուհի Վարդանյանի նախագահությամբ, այսօր մերժել է «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը։ Վերջինս վիճարկում էր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով մասնակի բավարարվել էր ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցադիմումը՝ տարածված ապատեղեկատվությունը հերքելու, պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին: Այս մասին գրում է Pastinfo.am-ը։
Աղբյուրը հիշեցնում է, որ դատարանը «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ընկերությանը պարտավորեցրել էր հերքել «Ժամանակ» օրաթերթի՝ 2012թ. նոյեմբերի 27-ի համարում հրապարակված «Ի՞նչ կապ ունեն Քոչարյանն ու Ծառուկյանը «Նաիրիտի» հետ» և 2012թ. նոյեմբերի 30-ի համարում հրապարակված «Քոչարյանների րոպեավճարը» խորագրերով հոդվածներում Սեդրակ և Ռոբերտ Քոչարյանների պատիվն, արժանապատվությունն արատավորող /զրպարտող/ տեղեկությունները: Դատարանը պարտավորեցնում է նաև ներկայացված Հերքման տեքստը տպագրել նույն «Ժամանակ» օրաթերթում` վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, «Հերքում» խորագրի ներքո:
Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի՝ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի խախտում՝ հայցվոր կողմը միայն դատաքննության փուլում է ներկայացրել ապացույց, որ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ընկերությունը «Ժամանակ» թերթի հիմնադիրն է, մինչդեռ ապացույցը պետք է ներկայացվեր մինչև դատաքննությունը սկսվելը: Ապացույցն, ըստ կողմի, դրվել է վճռի հիմքում՝ այդպիսով հանգեցնելով գործի սխալ լուծմանը: Բացի այդ, պատասխանող կողմը գտնում է, որ հայցադիմումում չի հստակեցվել, թե պատասխանողներից յուրաքանչյուրից որքան գումար է պահանջում՝ որպես տեղեկատվությամբ պատճառված վնասի հատուցում: