2026 թ. հունիս 1, երկուշաբթի
Վաճառվում է Կապանի լեռնահարստացման կոմբինատը

Վաճառվում է Կապանի լեռնահարստացման կոմբինատը

Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված «Չաարատ Գոլդ Հոլդինգս» ընկերությունը (Chaarat Gold Holdings Limited, CGH) 55,4 մլն դոլարով վաճառում է հայաստանյան իր դուստր ձեռնարկությունը՝ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն, որը շահագործում է Կապանի լեռնահարստացման կոմբինատն ու Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը։ Հանքարդյունահանող ընկերությունը գնելու է հայաստանցի մեծահարուստ Սասուն Ավետիսյանը, որը համագործակցում է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին ազդեցիկ ֆիգուրներից մեկի՝ Արիստակես Ներսիսյանի հետ։ CGH-ն «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն գնել է ռուսական արմատներ ունեցող, բայց օֆշորային Ջերսի կղզում գրանցված «Պոլիմետալ Ինթերնեյշնլից» (Polymetal International plc)՝ 55 միլիոն դոլարով։ Գործարքը սկսվել է 2018-ին, ստորագրվել՝ 2019-ին։ ՖԲԸ-ն նույն թվականին անվանափոխվել է և դարձել «Չաարատ Կապան»։ Ռուսների գնալուց և շվեդացի Մարտին Անդերսոնին պատկանող այս ընկերության գալուց հետո հանքի աշխատանքային պայմանները միայն վատացել են։ Հանքերում պարբերաբար մարդիկ են մահանում, աշխատավարձները և սոցիալական փաթեթները հետզհետե կրճատվում են։ Հանքափորների գործադուլները, որպես կանոն, ճնշվում են մեկ-երկու օրվա ընթացքում։ տե՛ս Գործադուլը Կապանում շարունակվում է․ տնտեսում են հանքափորների առողջության հաշվին Ո՞վ է սեփականատերը «Հետքի» հետաքննող լրագրողները ուսումնասիրել են Կապանի հանքերի նախկին և գալիք սեփականատերերի հետագծերը։ Օֆշորային «Չաարատ Գոլդ Հոլդինգսը»՝ CGH-ն, ըստ նրանց հետաքննության, «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի անմիջական սեփականատերը չէ: Հայկական ընկերության 100 տոկոսանոց բաժնետերը Կիպրոսում գրանցված «Chaarat Gold International Limited»-ն է, որը, իր հերթին, պատկանում է CGH-ին: CGH-ի 45,78 տոկոսի բաժնետերն էլ մեկ այլ՝ օֆշորային Բերմուդյան Կղզիներում գրանցված «Labro Investments Limited»-ն է, որի տերը Շվեդիայի քաղաքացի Մարտին Անդերսոնն է: Այսինքն՝ հենց Անդերսոնն է «Չաարատ Կապանի» ամենախոշոր և իրական սեփականատերը: Մարտին Անդերսոն 2018 թվականին, երբ հայտնի է դարձել, որ CGH-ը գնում է Կապանի լեռնահարստացման կոմբինատը, Անդերսոնի մասնակցությունն այդտեղ 35,51 տոկոս էր: CGH-ի (հետևաբար՝ նաեւ «Չաարատ Կապանի») երկրորդ խոշոր բաժնետերը «China Nonferrous Metals Int’l Mining Co. Ltd»-ն է՝ 3,26 տոկոս բաժնետոմսերով:   5 միլիոն + պարտքեր Օգոստոսի 16-ին ընկերությունը հայտարարել է «Չաարատ Կապանը» վաճառելու մասին։ Հաղորդագրության համաձայն, «Չաարատ Կապանի» շահույթը (հարկերը վճարելուց հետո) 2021-ին կազմել է 10,5 մլն դոլար, իսկ 2022-ին՝ 1,7 մլն դոլար: 2023 թ. առաջին կիսամյակում Կապանի կոմբինատի եկամուտը (հարկերը չհանած) եղել է ընդամենը 2,3 մլն դոլար, ինչի վրա, ըստ սեփականատերերի, ազդեցություն է ունեցել դրամի արժեւորումը դոլարի նկատմամբ և ցածր արտադրողականությունը: Հաղորդագրության մեջ նշվել է, որ 2022 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ «Չաարատ Կապանի» ակտիվները կազմել են 75,1 մլն դոլար, իսկ պասիվները (պարտավորությունները)՝ 53,4 մլն դոլար: «Chaarat Gold Holdings»-ի ակտիվների թվում է ոչ միայն Կապանի հանքավայրն է, այլեւ 2 հանքավայր Ղրղզստանում, որոնցում արդյունահանում դեռ չի կատարվում: Հայկական «Չաարատ Կապանի» վերոնշյալ ակտիվները կազմել են «CGH»-ի ընդհանուր ակտիվների 48 տոկոսը, իսկ պասիվները՝ ընդհանուրի 62 տոկոսը: Դրամի արժևորումը, ինչպես նկատել է CGH-ը, իրեն դրդել է վերանայել Կապանի կոմբինատի կայունության պահպանման բոլոր ռազմավարական տարբերակները և ուշադրությունը սևեռել ղրղզական հանքավայրերի վրա: Հայկական կոմբինատի վաճառքից գործարքից ընկերությունը փողի տեսքով 5 մլն դոլար է ստանալու (այդ գումարը CGH-ը նախատեսում է ուղղել ղրղզական իր ակտիվների զարգացմանը), մնացած 50,4 մլն-ն ուղղվելու է «Չաարատ Կապանի» պարտավորությունների մարմանը: «Չաարատ Կապանի» հիմնական պարտատերը, ի դեպ, Ամերիաբանկն է:  ո՞վ է գնելու Chaarat Gold Holdings-ը հայտնել է, որ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի գնորդը «Գոլդ Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ն է (Gold Mining Company):  Հաղորդագրության մեջ ասվում է, թե գնորդը նաև Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրն է շահագործում, այն տարիներ շարունակ նաև հանքաքար է մատակարարել Կապանի լեռնահարստացման կոմբինատին։ Իրականում, սակայն, Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը շահագործվում է ոչ թե «Գոլդ Մայնինգ Քոմփանիի», այլ «Լիճքվազ» ՓԲԸ-ի կողմից։ Այս շփոթը, ըստ «Հետքի», պատահական չէ՝ նախկինում թե՛ «Լիճքվազը» և թե՛ «Գոլդ Մայնինգ Քոմփանին» պատկանում էին միևնույն ընկերությանը՝ արդեն հիշատակված օֆշորային «Պոլիմետալ Ինթերնեյշնլին»: 2019-ից «Լիճքվազ» ՓԲԸ-ն վաճառվել է Երեւանի գրանցում ունեցող քաջարանցի Սասուն Ավետիսյանին, որը համատեղությամբ նաև ընկերության գլխավոր տնօրենն է: Ավելին՝ Ավետիսյանը նաև «Գոլդ Մայնինգ Քոմփանիի» սեփականատերն է: Այսինքն՝ հիշատակված երկու ընկերությունները ուղղակիորեն փոխկապակցված են և պատկանում են միևնույն սեփականատիրոջը։ Բայց եթե Երեւանում գրանցված «Լիճքվազ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2010 թ. և իրավունք ունի մինչեւ 2036 թ. շահագործել Մեղրու Լիճքվազ-Թեյի հանքը, ապա «Գոլդ Մայնինգ Քոմփանին» պետական գրանցում է ստացել այս ամիս՝ օգոստոսի 2-ին: Ըստ էության, այն ստեղծվել է հենց  «Չաարատ Կապանից» բաժնետոմսերը գնելու նպատակով: «Գոլդ Մայնինգ Քոմփանիի» սեփականատերը Ավետիսյանն է, տնօրենը՝ քաջարանցի Արտյոմ Պետրոսյանը: լուսանկարը՝ Սասուտ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից Ըստ CGH-ի, Սասուն Ավետիսյանը նաև «Էս Ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ-ի (S&A Mining) սեփականատերն ու տնօրենն է։ «Էս Ընդ Էյ Մայնինգը» երկար ժամանակ Կապանի կոմբինատի կապալառու գործընկերներից էր (ըստ ՊԵԿ-ի՝ զբաղվում է հանքարդյունահանման համար տարածք նախապատրաստելով): Ավետիսյանն իրոք 2015-ին հիմնադրված երեւանյան «Էս Ընդ Էյ Մայնինգի» տնօրենն է, բայց դրա ֆորմալ սեփականատերը չէ, քանի որ «Էս Ընդ Էյ Մայնինգը» պատկանում է երեւանյան մեկ այլ ընկերության՝ «Վանդ-Գասս» ՍՊԸ-ին, որի տերերը երկուսն են՝ Սասուն Ավետիսյանի հայրը՝ Սլավիկ Ավետիսյանը, և քաջարանցի Մարիամ Ներսիսյանը, որի հայրը՝ Արիստակես Ներսիսյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր հաշվապահ է եղել այն ժամանակ, երբ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենը Մաքսիմ Հակոբյանն էր: Ընդ որում՝ «Վանդ-Գասսի» ներկա տնօրենը Մարիամ Ներսիսյանի եղբայրն է՝ Գառնիկ Ներսիսյանը, որն այդ պաշտոնում փոխարինել է Սասուն Ավետիսյանին:  Ստացվում է, որ «Չաարատ Կապանի» կապալառու գործընկեր «Էս Ընդ Էյ Մայնինգ» ընկերությունը ԶՊՄԿ-ի նախկին ազդեցիկ ֆիգուրներից Արիստակես Ներսիսյանի ու հանքարդյունաբերոության մեջ դիրքերն ամրապնդող Սասուն Ավետիսյանի ընտանիքների համատեղ բիզնեսն է: բազում բիզնեսներ «Հետքը» շարունակում է՝ Սասուն Ավետիսյանը, բացի «Լիճքվազ» ՓԲԸ-ից, «Գոլդ Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ից եւ «Էս Ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ-ից (այստեղ նրա ներկայությունը հոր միջոցով է), մասնակցություն ունի հետեւյալ ընկերություններում: գրաֆիկան՝ «Հետք»-ից — «ԷյՋիԱրՍի (Արմենիան Գոլդ Րիսորս Քորփորեյշն)» ՍՊԸ-ն (AGRS, Armenian Gold Resource Corporation)՝ գրանցված է Երեւանում, «Լիճքվազ» ՓԲԸ-ի միակ սեփականատերն է, ամբողջությամբ պատկանում է Ավետիսյանին, որը այս ՍՊԸ-ն ձեռք է բերել 2019 թվականին՝  ռուսական արմատներ ունեցող օֆշորային «Պոլիմետալ Ինթերնեյշնլի» կիպրական ու նիդերլանդական դուստր ընկերություններից: Ռուսների օրոք՝ 2015-2019 թթ., ընկերությունը կոչվում էր «Պոլիմետալ Արմենիա» եւ «Պոլիարմ»: Թե՛ ռուսները, թե՛ Ավետիսյանը սրա միջոցով են ապահովել/ապահովում իրենց մասնակցությունը «Լիճքվազ» ՓԲԸ-ում:   — «AGRS»-ը ռուսների, իսկ 2019-ից հետո՝ Սասուն Ավետիսյանի համար ապահովում է մասնակցությունը նաեւ երեւանյան «Նորթ Էքփլորեյշն Քոմփանի» ՍՊԸ-ում (North Exploration Company, NECo), որի գլխավոր տնօրենը նույնպես Ավետիսյանն է: Ըստ ՊԵԿ-ի՝ այս ընկերությունը խորհրդատվություն է ապահովում ձեռնարկատիրական եւ կառավարման հարցերով:   — Սասուն Ավետիսյանը նաև Երեւանում գրանցված «Ապառաժ Մայնինգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է: ՍՊԸ-ն պատկանում է մեկ այլ երեւանյան ընկերության՝ «Վանդ-Սա» ՍՊԸ-ին, որի տերերն էլ 50-50 հարաբերակցությամբ Սլավիկ Ավետիսյանը (Ս. Ավետիսյանի հայրը) ու վերոնշյալ Գառնիկ Ներսիսյանն են (վերջինս նաեւ «Վանդ-Սա»-ի տնօրենն է): Նախկինում «Վանդ-Սա» ընկերության (սրա միջոցով էլ՝ «Ապառաժ Մայնինգի») փայատերեր են եղել Սասուն Ավետիսյանը, Արիստակես Ներսիսյանն ու Արման Հակոբյանը՝ Մաքսիմ Հակոբյանի կրտսեր որդին է: Այսինքն, «Ապառաժ Մայնինգը», ինչպես և «Էս Ընդ Էյ Մայնինգը», Ավետիսյան ու Ներսիսյան ընտանիքների համատեղ բիզնեսն է: Ընկերությունն զբաղվում է պայթեցման աշխատանքներով ու, ինչպես և «Էս Ընդ Էյ Մայնինգը», ԶՊՄԿ-ի կապալառուներից է: — Ավետիսյանն ու նրա գործընկեր Սամվել Իվանյանը 2 նույնանուն ընկերություն ունեն Երեւանում՝ «Էն Էռ Էմ (Նեյչրլ Ռիսորս Մենեջմենթ)» ՓԲԸ (NRM, Natural Risource Management) եւ «Էն Էռ Էմ» ՓԲԸ (NRM): Երկրորդ ընկերությունը ստեղծվել է առաջինից առանձնանալու եղանակով, այսինքն՝ նրա իրավահաջորդն է: Երկուսում էլ Ս. Իվանյանը գլխավոր տնօրեն է, նրան են պատկանում բաժնետոմսերի 20, իսկ Ավետիսյանին՝ 75 տոկոսը: «NRM (Natural Risource Management)»-ը, ըստ ՊԵԿ-ի, օժանդակ ծառայություններ է մատուցում հանքարդյունաբերության ոլորտում, իսկ «NRM»-ը զբաղվում է ճարտարագիտական գործունեությամբ եւ դրա հետ կապված տեխնիկական խորհրդատվությամբ: Հանքարդյունաբերության մեջ օժանդակ ծառայություններ է մատուցում նաեւ Ս. Ավետիսյանի երեւանյան «Սաութ Ռիսորս Մենեջմենթ» ՍՊԸ-ն (South Resource Management): Ավետիսյանը ոչ միայն միակ սեփականատերն է, այլև, ինչպես շատ այլ դեպքերում, տնօրենը: 47-ամյա գործարարը ներգրավված է նաեւ շինարարության ոլորտում: Նա Երեւանում գրանցված «Էյ Փի Թաուեր» ՍՊԸ-ում (AP Tower) 25 տոկոս մասնակցություն ունի: Նույնքան բաժնեմասի սեփականատեր է Ավետիսյանի կինը՝ Լիանա Հովհաննիսյանը: Ընկերությունն զբաղվում է բնակելի, հասարակական եւ արտադրական շենքերի շինարարությամբ: Երեւանի Ուլնեցի փողոցում այս շինարարը կառուցում է «Պանորամա Հիլզ» բնակելի համալիրը:

Ղարաբաղից Հայաստան են բերում ուսանողներին և ռուսաստանցիներին

Ղարաբաղից Հայաստան են բերում ուսանողներին և ռուսաստանցիներին

ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստից հետո էլ միջանցքը մնում է շրջափակված

Որոնվում է 19-ամյա Անուշ Մարտիրոսյանը

Ոստիկանության Մարտունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 19-ամյա Անուշ Մարտիրոսյանը: Օգոստոսի 18-ին նա դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։

Տրանս կնոջ սպանության մեջ կասկածվողը բռնվել է սահմանին

Տրանս կնոջ սպանության մեջ կասկածվողը բռնվել է սահմանին

...26-ամյա տղամարդը հայտանբերվել է Բավրայի սահմանային անցակետում, ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին:․․․

Հույս չկա. այս անգամ Երևանում հաջողվել է սպանել տրանս կնոջը

«Մի շաբաթ առաջ նա ասել էր ընկերներին, որ իրեն հետապնդում են․․․»

Երեխային տանջելու տեսանյութը մի տարածեք

Երեխային տանջելու տեսանյութը մի տարածեք

Երեկվանից համացանցում մի տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես է կինը տեսախցիկի առջև ծեծում, մերկացնում և մյուս դստեր հետ միասին նվաստացնում իր անչափահաս աղջկան։ Տեսանյութը, ըստ ամենայնի, նկարահանվել է բռնարար մոր կողմից։ «Դրդապատճառները» քննիչները «դեռ պարզում են»։ Թե ինչպե՞ս է այն հայտնվել համացանցում (ըստ որոշ տեղեկությունների՝ հրապարակվել է հետախուզման մեջ գտնվող նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանի կողմից), ինչո՞ւ չի փոխանցվել իրավապահներին, այլ դրվել է հրապարակային շրջանառության մեջ՝ պարզ չէ։ Քննչականը տեսանյութը որակել է որպես «պոռնկագրական բնույթի նյութ»։ Առավոտյան ոստիկանությունից հաղորդել են, որ տեսախցիկի առջև դստերը կտտանքների ենթարկող 34-ամյա կինը հայտնաբերվել է և բերման ենթարկվել։ Ոստիկանություն են տարվել նաև նրա 5 անչափահաս երեխաները։ Ներքին գործերի նախարարությունից հավաստիացրել են՝ երեխաները եղել են ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության մասնագիտացված ծառայողների հոգածության ներքո: մեղադրանքներ Քիչ առաջ Քննչական կոմիտեից տեղեկացրել են՝ դեպքի առթիվ քրեական վարույթ են նախաձեռնել — ՔՕ 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով (անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, անչափահասի նկատմամբ՝ առանձին դաժանությամբ, հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ) — ՔՕ 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը՝ կատարվել է 18 տարին չլրացած անձի նկատմամբ վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն), — 239-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 300-րդ հոդվածի 3րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով (երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելը կամ ներգրավելը)։ Կինը՝ Ա․Ա․-ն, հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է։ դատվածություններ Դեպքը, ըստ Ոստիկանության, տեղի է ունեցել Գավառում։ Լրատվականները գրում են, որ կնոջը հայտնաբերել և ձերբակալել են Երևանում։ 34-ամյա Աննա Արևշատյանը ծնունդով Տավուշի մարզից է, ամուսնու՝  Մադաթյան Թաթուլի, և 5 անչափահաս երեխաների հետ միասին երկար տարիներ ապրել է Գավառում, հետո, ըստ որոշ տեղեկությունների, տեղափոխվել է նախ Գյումրի, այնուհետև՝ Երևան։ Աննա Արևշատյանը, ըստ «Դատալեքսի», 2017 թվականին դատապարտվել է 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Ըստ նույն աղբյուրի՝ 2017-ի հունիսի 9-ին նա հայտարարել է, թե 2009թ․-ից մինչև 2017թ․ մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում քաղաքացի Հովիկ Խեչյանը, առանց աշխատավարձ վճարելու, իրեն և ամուսնուն՝ Թաթուլ Մադաթյանին, ներգրավել է հակադիր աշխատանքների կատարման մեջ։ Դատարանը հաղորդումը որակել է որպես իրականությանը չհամապատասխանող և դատել նրան «սուտ մատնություն» անելու համար։ Գավառի բնակիչներից մի քանիսը «Հետք»-ի հետ զրույցում պատմել են, որ Թաթուլ Մադաթյանը՝ երեխաների հայրը, դատապարտվել է իր անչափահաս աղջկան բռնաբարելու համար։ Նրան առնչվող գործը «Դատալեքսում» փակ է։  Բնակիչները, որոնք նախընտրել են անանուն մնալ, ասել են, որ տղամարդուն հաջողվել է մի քանի ամիս բանտում անցկացնելուց հետո դուրս գալ, քանի որ երեխայի մայրը՝ Թաթուլ Մադաթյանի կինը, բողոքը հետ է վերցրել։ Աննա Արևշատյանը և Թաթուլ Մադաթյանը հաճախ են դիմել համայնքապետարան՝ օգնություն ստանալու խնդրանքով։ Արևշատյանին այսօր են ձերբակալել։ Ըստ լրատվականների (չհաստատված) տեղեկությունների՝ Թաթուլ Մադաթյանը կալանավորված է։ մարզպետարանն ու համայնքապետարանը «զբաղվել» են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի տարածած պարզաբանումից դատելով՝ համայնքային իշխանությունները տեղյակ էին, որ ընտանիքում լուրջ խնդիրներ կան։ «2022 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի /նախկին մարզպետարանի/ ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինն իր իրավասությունների, Գավառի համայնքապետարանի, ՄՍԾ Գավառի տարածքային կենտրոնի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժանմունքի, մարզի հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի հետ համագործակցված զբաղվել է Գավառ քաղաքում վարձակալությամբ բնակվող Աննա Արևշատյանի ընտանիքի խնդիրներով։ Կատարված աշխատանքների վերաբերյալ առկա են նաև համապատասխան փաստաթղթեր։ Այդ ժամանակահատվածում ընտանիքի խնդիրները մշտապես գտնվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի /մարզպետարանի/ ուշադրության կենտրոնում։ Տրամադրվել է դրամական և սոցիալ-հոգեբանական աջակցություն, պարբերաբար կազմակերպվել են տնային այցեր», - հայտնել են մարզպետարանից։ Թե կոնկրետ ինչպես է հիշատակված հաստատությունները «զբաղվել» ըտանիքի խնդիրներով՝ պարզ չէ։ Մարզպետարանը արդարացել է, թե 2023 թվականի մայիսին ընտանիքը տեղափոխվել է․ «Հետևաբար Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները չէին կարող Աննա Արևշատյանի ընտանիքի վերաբերյալ որևէ տեղեկատվության տիրապետել»։ Այն, ինչ երեկ հանրային է դարձել, վկայում է նախևառաջ պատասխանատու ինտիտուտների՝ համայնքի, ուսուցիչների, հոգեբանների, սոցաշխատողների, ոստիկանություն անգործության, անգործունակության մասին։ Դատելով արդեն իսկ ի հայտ եկած տեղեկություններից՝ թե հարևանները, թե դպրոցի աշխատակիցները և թե համայնքային իշխանությունները տեղյակ են եղել, որ ընտանիքում խնդիրներ կան, առնվազն հիմնավոր կասկածներ են ունեցել, որ երեխաները բռնության (այդ թվում՝ սեռական բռնության) են ենթարկվել։

Մահվանից առաջ զինվորին նվաստացրել է մայորը. ՔԿ

Մահվանից առաջ զինվորին նվաստացրել է մայորը. ՔԿ

․․․Հրամանատարի տեղակալը զինծառայողի արժանապատվությունը նվաստացնող գործողություններ է կատարել՝ համածառայակիցների ներկայությամբ բռնություն գործադրելով․․․ 

Կրակել են Կապանի վերագործարկվող օդանավակայանի վրա. ԱԱԾ

Գիշերը Ադրբեջանի տարածքից անհայտ անձը երեք կրակոց է արձակել Կապանի օդակայանի ուղղությամբ

Վերին Լարս անցակետը մինչև 26-ը կգործի սահմանափակ ռեժիմով

- Դիտարկեք այլընտրանքային տրանսպորտային երթուղիները, ինչպես նաև հաշվի առնելով աշխատանքների իրականացումը՝ պլանավորել սահմանը հատելու ամսաթիվը և ժամը:

ՄԱԿ ԱԽ նիստին ընդառաջ կորած հայ պահեստազորայինը դարձավ «դիվերսանտ»

ՄԱԿ ԱԽ նիստին ընդառաջ կորած հայ պահեստազորայինը դարձավ «դիվերսանտ»

Հայաստանցի պահեստազորային Գ. Ո.-ն ձերբակալվել է Ադրբեջանի զինծառայողների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ՝ պնդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Հայկական կողմը մտեսանյութ է հրապարակել, որում, ըստ ՀՀ ՊՆ խոսնակի, երևում է՝ «Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ»: «Սույն տեսանյութը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած կեղծիքը, ըստ որի սահմանագոտու արևելյան ուղղությամբ ՀՀ ԶՈՒ դիվերսիոն խումբ է փորձել ներթափանցել, և որի «գործողությունները հաջողվել է կասեցնել կրակային աջակցմամբ»», - գրել է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։   Նախարարությունը հավաստիացրել է՝ քննում են «Գ. Ո.-ի՝ տեղանքում չկողմնորոշվելու, ադրբեջանական կողմում հայտնվելու բոլոր հանգամանքները»: հերքումից հետո ինչ-որ «գնդացիր է հայտնաբերվել» Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե վարժական հավաքի մասնակից, պահեստազորային Գ․Ո․-ն «նախնական տվյալներով՝ ինքնակամ թողել է մարտական դիրքը», նրան «հայտնաբերելու նպատակով որոնողական աշխատանքներ են ընթանում»։ Ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե Քելբաջարի շրջանում վիրավորվել և ձերբակալվել է «ժամը 11:15-ին ադրբեջանական տարածք ներթափանցելու փորձ կատարած հայկական դիվերսիոն-հետախուզական խմբի» անդամներից մեկը, մյուսները, իբր, ստիպված են եղել նահանջել: Հայաստանի պաշտպանության նախարարությունը այս հաղորդագրությունն իսկույն հերքել է՝ հիշեցնելով, որ նախորդիվ տեղեկացրել էր վարժական հավաքների մասնակից պահեստազորայինի անհետացման մասին։ Սրանից հետո Ադրբեջանի ՊՆ-ն ևս մեկ հաղորդագրություն է տարածել, որում ձերբակալված հայ պահեստազորայինը կրկին ներկայացվել է որպես «դիվերսանտ»։ Բաքուն հրապարակել է նրա անունը՝ «ենթադրաբար, Գագիկ Աշոտի Ոսկանյան, ծնված 1983 թվականին» և լուսանկարը։ Նշվել է, թե ձերբակալված հայ զինծառայողի մոտ «ՌՊԿ» գնդացիր և այլ ռազմամթերք է հայտնաբերվել։ «Նախնական ցուցմունքներում Գ․ Ոսկանյանը խոստովանել է, որ մասնակցել է 44-օրյա պատերազմին», - հավելել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։ Բաքուն պատրաստվում է ՄԱԿ-ի ԱԽ նիստին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտնագության խորհրդի՝ այսօր նախատեսված հրատապ նիստից առաջ Ադրբեջանի արտգործնախարարությունը հանդես է եկել նոր մեղադրանքներով և կոչ արել Հայաստանին զերծ մնալ «իրավիճակը սրող սադրիչ քայլերից և հայտարարություններից», չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին և միջազգային հանրությանը «շփոթեցնելու փորձերը» շարունակելու փոխարեն կատարել ստանձնած պարտավորությունները։ Պաշտոնական Բաքուն այս համատեքստում հիշել է նաև հայ պահեստազորայինի այսօրվա ձերբակալության մասին և նշել, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին ընդառաջ «Հայաստանի զինված ուժերի հետախուզական-դիվերսիոն խումբը փորձել է ներթափանցել Ադրբեջանի տարածք»։ թարմացում (19:15) —  Քելբաջարի շրջանում ձերբակալված հայ պահեստազորայինի դեմ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել պետական սահմանի խախտման հոդվածով։ Ձերբակալությունից մի քանի ժամ անց էլ, չնայած հայկական կողմի ներկայացրած հակափաստարկներին, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պնդում է՝ իրենց հետաքննության ընթացքում հիմնավոր կասկածներ են ի հայտ եկել «մի խումբ անձանց, այդ թվում՝ Հայաստանի զինված ուժերի անդամների կողմից դիտավորյալ գործողությունների համակարգման» վերաբերյալ։ Ձերբակալված հայ պահեստազորայինին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ներկայացրել է որպես «դիվերսիոն խմբի» անդամ։ Այդ «Խմբի» դեմ քրեական գործ է հարուցվել մի շարք ծանր հոդվածներով՝ ներառյալ ահաբեկչության։ ՄԱԿ-ի ԱԽ դիմելու՝ հայկական կողմի որոշումը լուրջ մտահոգություններ է առաջացրել Բաքվում։ Երկու օր առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն ծավալուն մի հայտարարություն էր տարածել, որով Լեռնային Ղարաբաղի 8-ամսյա բլոկադայի մեղքը փոձում էր դնել հայկական կողմի վրա։ Բաքվից հայտարարում էին, թե ՀՀ ԶՈՒ-ն տեխնիկա և զորք է կուտակում սահմանին։ Երևանից և ԵՄ դիտորդական առաքելությունից այս մեղադրանքները հերքել են։ Դիվանագիտական էսկալացիայի ֆոնին ինտենսիվացել են նաև հրադադարի ռեժիմի խախտման մասին հաղորդագրությունները։ Երկու օր առաջ սահմանին հայ զինծառայող է վիրավորվել։ Երեկ կրակի տակ է հայտնվել նաև Հայաստանում Եվրամիության դիտորական առաքելության մեքենան։ Ադրբեջանը հաստատում է ռուսական արտահոսքն և սպառնում․ հայերը հերքում են

Թուրքիայից. Ճեղքե՛ք Ղարաբաղի բլոկադան

Թուրքիայից. Ճեղքե՛ք Ղարաբաղի բլոկադան

Միջազգային հանրությանը կոչ ենք անում ճեղքել Ղարաբաղի շրջափակումը օդային մատակարարումների միջոցով, ինչպես 1948-49-ին ճեղքվեց Բեռլինի շրջափակումը․․․

53-ամյա Վարդանը դուրս է եկել Նոր Գեղիի խնձորի այգիների տարածքից և կորել

53-ամյա Վարդանը դուրս է եկել Նոր Գեղիի խնձորի այգիների տարածքից և կորել

Վարդան Շահինյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին` դիմել ոստիկանության Նաիրիի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: