«Լեռնային Ղարաբաղը երբեք համաձայնության չի գա։ Հետևաբար, ավելի լավ է այն նույնպես մտցնել Ռուսաստանի կազմի մեջ․ հայերը չեն վիրավորվի, իսկ ադրբեջանցիները ստիպված կլինեն համակերպվել, քանի որ այն չի մնում Հայաստանին, այլ մտնում է Ռուսաստանի կազմի մեջ»։ Այս մասին, «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Վլադիմիր Ժիրինովսկին՝ «Նորությունների ռուսական ծառայության» հետ զրույցում։
Պատգամավորը նույն լուծումն է նաև առաջարկում Մերձդնեստրի խնդրի հարցում․ «Սա վերաբերում է նաև նախկին ԽՍՍՀ բոլոր տարածքներին, ուր հանրաքվեի միջոցով, կամավոր, առանց որևէ բռնության, խաբեության, խարդախության Ռուսաստանի կազմ վերադառնալու ցանկություն կառաջանա։ Բոլորդ վերադարձեք Ռուսաստան, ու բոլորի համար լավ կլինի։ Բոլորիդ ժողովրդավարություն, բարեկեցություն, անվտանգություն ենք խոստանում, և բոլորս տարեցտարի կապրենք ավելի լավ»,- հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին։
Ինչ վերաբերում է Հարավային ու Հյուսիսային Օսիային, ապա, Ժիրինովսկու խոսքով, դրանք մեկ ժողովուրդ են, ու լիակատար իրավունք ունեն՝ վերամիավորվելու և ավտոմատ կերպով Ռուսաստանի կազմի մեջ մտնելու:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին Ղրիմի խորհրդարանը Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին որոշում է կայացրել։ Այդ կապակցությամբ հանրաքվեն տեղի կունենա մարտի 16-ին։ Հանրաքվեին երկու հարց կներկայացվի՝ արդյո՞ք Ղրիմը կվերադառնա 1992 թվականի սահմանադրությանը, թե՞ կմտնի Ռուսաստանի կազմի մեջ։