Երևանի նախկին քաղաքապետ, Կադաստրի պետական կոմիտեի նախկին պետ Երվանդ Զախարյանն այսօր շրջայց է կատարել նոր աշխատավայրում՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում:
Շրջայցից հետո Epress.am-ը նոր նախարարից հետաքրքրվել է ոլորտի մի քանի կարևոր հիմնահարցերի շուրջ մոտեցումների մասին, սակայն նորանշանակ նախարարը պատասխանել է՝ «ոչ մի բան չեմ խոստանում»:
Epress.am-ի հարցին՝ արդյոք նախարարն ԱԺ-ում կբացահայտի գազային պայմանագրերի մութ կետերը, կհամագործակցի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հետ, Զախարյանը պատասխանել է.
«Դուք ինձ լուրջ մարդու տեղ եք չէ՞ դնում: Ես մի շաբաթ է՝ ինչ նախարար եմ, ես գազի սակագնի մասին ոչինչ չեմ կարող ասել: Այո, իհարկե, տեղյակ եմ սկանդալից, գիտեմ, սակայն ես ոչինչ չեմ կարող խոստանալ հիմա: Պետք է դեռ ծանոթանամ կատարված աշխատանքներին»:
էներգետիկայի և բնական պաշարների նոր նախարարը նաև չի նշել ժամկետներ՝ կապված «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերը տալու հետ:
«Ես այդ խնդիրը ևս պետք է ուսումնասիրելու ժամանակ ունենամ»,- ասել է Զախարյանը: