Հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ ոստիկանությունը հերթական անգամ ոտնահարել է Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված քաղաքացիական իրավունքները, դիմել է իշխանազանցության, բռնության գործադրմամբ բերման է ենթարկել քաղաքացիներին: Այս մասին ասված է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության տարածած հայտարարության մեջ։
«Գործող իշխանությունները, չունենալով փաստարկներ էլեկտրաէներգիայի հերթական անհիմն թանկացման հարցում և պարտվելով քաղաքական հարթակներում, կրկին դիմում են իրենց հոգեհարազատ բռնության մեթոդին: Սա իշխանությունների վախի նշան է, որը պայմանավորված է մի կողմից օր-օրի աճող հակաիշխանական տրամադրություններով, իսկ մյուս կողմից՝ ոչ իշխանական քաղաքական ուժերի և քաղաքացիական խմբերի համագործակցության խորացմամբ:
Հայ Ազգային Կոնգրեսը խստորեն դատապարտում է նման գործելաոճը և պահանջում է պատասխանատվության կանչել ոստիկանության այն ծառայակիցներին, ովքեր չարաշահել են իրենց լիազորությունները և ծառայական պարտականությունը կատարելիս կոպտորեն խախտել են ՀՀ օրենսդրությունը: Հակառակ դեպքում ապօրինությունների ողջ պատասխանատվությունն ընկնում է վարչախմբի վրա` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ», – ասված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ: