13:40-ին ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը արձագանքել է Հայաստանի և ԼՂՀ սահմանահատվածում տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են նաև խմբի այլ անդամներ, որոնցից մեկը ցույց է տվել դիմադրություն և սպանվել:
«Ցավոք, դիվերսանտի արձակած գնդակից հայկական ուժերը կորցրել են մեկ սպա», – նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ սպանվածը 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանն է։ Ըստ Հովհաննիսյանի՝ փոխհրաձգության հետևանքով վիրավորված կնոջ՝ 37-ամյա Կարինե Դավթյանի առողջական վիճակը կայուն ծանր է՝ դրական նախանշաններով։
11:30 ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հաստատել է հայ զինծառայողի մահվան մասին տեղեկությունը։ Ինչպես Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, այսօր Եղեգնաձորում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ, որը նվիրված էր 4-րդ բանակային կորպուսի հիմնադրման 17 ամյակին, Սեյրան Օհանյանը հայտնել է, որ երեկ Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինվորները ոչնչացրել են ևս մեկ դիվերսանտի, սակայն փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա և վիրավորվել է մի կին:
Այլ մանրամասներ Արծրուն Հովհաննիսյանը չի նշել։ Չի հիշատակվում նաև, թե արդյոք հայ սպան ծառայում էր ԼՂՀ ՊԲ-ում, թե ՀՀ Զինված ուժերում։
Ավելի վաղ Վարդենիսի բնակիչը Epress.am-ին որոշ մանրամանսեր էր պատմել տեղի ունեցածի մասին։ Մեր աղբյուրը դիվերսիոն խմբի մասին տեղեկություններ չուներ, նա հիշատակել է մեկ դիվերսանտի։