Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսման հավանականությունը բացառվում է, քանի որ երկու երկրների ղեկավարներն իրենց շահերն են հետապնդում և դա թույլ չեն տա։ Այս մասին Epress.am-ի ստուդիայում ասել է «Հետախույզ վետերանների միություն» ՀԿ-ի նախագահ, ազատամարտիկ Սուրեն Կարապետյանը՝ խոսելով շաբաթ օրը արդբեջանական դիվերսիոն խմբի մասին ԼՂՀ և ՀՀ ՊՆ-ների տարածած հաղորդագրության մասին։
Նրա խոսքով՝ այսօր Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը, հավանաբար, պայմանավորվում են «խաղեր տալ», բայց իրականում պատերազմական գործողություններ չեն լինի, քանի որ թե՛ հաղթողի, թե՛ պարտվողի դեպքում երկու նախագահներն էլ կկորցնեն իշխանությունը։
«Ամեն դեպքում՝ եթե զինված բախումներ լինեն, այդ նույն զինված մարդիկ պետք է հետագայում գործող իշխանության դեմ դուրս գան։ Որովհետև թե՛ ադրբեջանցի ժողովուրդն էլ չի կարողանում դիմադրել, թե՛ հայերը», – ասել է ազատամարտիկն ու հավելել․ «Թող ժողովուրդը հանգիստ մնա, որ ոչ մի պատերազմ չի լինի»։
Ըստ Կարապետյանի՝ որպես դիվերսիա ներկայացված ադրբեջանցիների ներթափանցումը Հայաստանի տարածք ցույց է տալիս, որ այսօր հենակետերն անցանելի են։
«Եթե մեկ այլ երկրում նմանատիպ գործողություն կատարվեր, միանգամից երկրի բարձրագույն հրամանատարը հրաման կարձակեր, որ բարձրաստիճան ղեկավարներին հեռացնեն գործից։ Նմանատիպ գործողությունները եզակի չեն, մի քանի տարի է՝ պարբերաբար կրկնվում են։ Ինչո՞ւ Պաշտպանության նախարարության աշխատակիցները, պաշտոնատար մարդիկ, պատասխանատուները չեն հեռացվում գործից… դա մի թիմ է էսօրվա ղեկավարության հետ՝ օլիգարխային, որը ամուր նստած է իր տեղում։
Տեսեք, մտել է հանցագործ, ինչքան տարածք է մտել։ Էդ հենակետի հրամանատարները կամ մարզային ղեկավարը, գեներալ կոչվածը վաղը հեռացվելո՞ւ են գործից։ Պաշտպանության նախարարութունը՝ այս լճացած կազմակերպությունը՝ իր բարձրաստիճան սպաներով, որոնք զբաղվում են ոչ թե իրենց գործով, այլ ամեն մեկն ունի անտառ, տնտեսություն, ձկնարդյունաբերություն… անասնապահության ոլորտում են զբաղվում, զբաղվում են իրենց բիզնեսով, դրա համար նմանատիպ բաներ անընդհատ կունենանք», – ասել է Կարապետյանը։
Զրուցն ամբողջությամբ՝ այստեղ