Հուլիսի 1-ից հարկային չինովնիկներն ակտիվացել են՝ խստացնելով ստուգումները, գրում է «168 ժամ» պարբերականը։ Թերթը հիշեցնում է, որ մայիսին խոշոր գործարարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախազգուշացրել էր, որ հուլիսի 1-ից ստուգումները խստացվելու են՝ ստվերում գտնվող բիզնեսին հարկման դաշտ բերելու նպատակով։
Որոշ գործարարներ պարբերականին պատմել են, որ իրենց մոտ ավելի շատ հսկիչ գնումներ և չափագրումներ են տեղի ունեցել, քան ողջ նախորդ տարվա ընթացքում։ Համաձայն գործարարների գիլյոտինի տակ ամենամանրերն են։
Այս տարվա հուլիսի 7-ի դրությամբ աշխատանքային 6 օրվա ընթացքում արձանագրվել են 95 խախտումներ՝ 45 միլիոն 287 հազար դրամ ծավալով, մինչդեռ նախորդ ժամանակաշրջանում պատկերն այլ էր․ հունիսի առաջին 6 աշխատանքային օրերին հայտնաբերվել էր 45 խախտում՝ 28 միլիոն 433 հազար դրամ ծավալով, իսկ անցած տարվա հուլիսին՝ ընդամենը 26 խախտում՝ 16 միլիոն 483 հազար դրամ ծավալով։
Թերթն ընդգծում է, որ խախտումները հիմնականում հայտնաբերվել են փոքր և միջին տնտեսվարողների մոտ, իսկ խոշորներից «սև ցուցակում»
են հայտնվել, մասնավորապես, «Սարգիս Կարոլինան», «Ադամիումը», «Ալեքս Գրիգը», «Թամարան», «Աթենքը», «Բարի սամարացին», «Երևան գարեջուրը», «Աշտարակ կաթը»։
Հոդվածն ամբողջությամբ՝ պարբերականի այսօրվա համարում