Ռուսաստանի իշխանությունները հրապարակել են այն երկրների ցանկը, որոնք կարող են մթերքներ մատակարարել Ռուսաստան՝ պատժամիջոցների տակ գտնվող երկիների փոխարեն։
Ռուսաստանի Դաշնության գյուղնախարար Նիկոլայ Ֆյոդորովի խոսքով՝ երկիրը հույս ունի միրգ և բանջարեղեն գնել Ադրբեջանից, Ուզբեկստանից, Հայաստանից, Ղրղզստանից և Տաջիկստանից։ Նա նաև հիշատակել է Թուրքիան, Իրանը և Սերբիան։
Այսօր «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների՝ Հայաստանի վրա ազդեցության մասին խոսել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ընդհանուր կարծիք կա, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կարող են բացասական հետևանքներ ունենալ նաև Հայաստանի տնտեսության համար: Այս տեսակետի կողմնակիցները ելնում են այն հանգամանքից, որ եթե Ռուսաստանի տնտեսությունը քիչ աճ ունենա կամ չաճի, և քանի որ մեր տնտեսությունը սերտորեն շաղկապված է Ռուսաստանի տնտեսության հետ, անպայման Հայաստանի համար բացասական հետևանքներ կարող են լինել: Ես չեմ կարող հերքել այդ վարկածը: Բայց դա ընդամենը վարկած է»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Ռուսաստանի կողմից կիարռված պատժամիջոցների մասին խոսելթվ՝ Սարգսյանն ասել է, որ դրա արդյունքում ռուսաստանյան շուկայում շատ մեծ հնարավորություններ են բացվել Հայաստանից գյուղատնտեսական մթերքներ արտադրողների համար:
«Խնդրեմ՝ կոմպենսացնենք: Մենք խրախուսելու ենք մարդկանց, որպեսզի ավելի շատ մթերք արտադրեն: Մենք ստեղծելու ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի այդ մթերքն իրացվի Ռուսաստանի Դաշնությունում»,-ասել է Սերժ Սարգսյանը։