Երեկ ՀՀ Ազգային ժողովի հայ֊ռուսական բարեկամական ակումբում ԱԺ պատգամավորները հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մշակութային համագործակցության հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ։ Պատգամավորներից ոմանք դժգոհ են մնացել ՌԴ֊ից ժամանած հյուրի պատասխաններից։
Ինչպես նշում է «Հայկական ժամանակ» օրաթերթը, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հայտարարել է, որ Հայատսանի և Ռուսաստանի հարաբերություններում, այդ թվում՝ մշակութային, որպես խոչընդոտ են հանդիսանում Ռուսաստանի որոշակի շրջանակներ, որոնք անհավասարակշիռ ու անարդար հայտարարություններ են անում։ Պատգամավորը շեշտել է, որ հարաբերությունները հավասար մակարդակում չեն գտնվում՝ հիշեցնելով Ռուսաստանում հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը ու ՌԴ֊ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը։
«ՀԺ»֊ն նշում է, որ որպես թարգմանիչ հանդես եկող Զառա Արամյանը հրաժարվել է թարգանել «բարդ» խոսքը, նրա փոխարեն դա արել է ԲՀԿ֊ական նախկին պատգամավոր Արամ Սաֆարյանը։ Պատասխանելով Քոքոբելյանի դիտարկմանը՝ Պուտինի ներկայացուցիչն ասել է, որ չի ցանկանում այդ թեմաներով խոսել, ապա պատասխան հարց է ուղղել․ «Իսկ դուք կցանկանայի՞ք, որ Ամերիկան զենք վաճառեր Ադրբեջանին»։ Ապա Շվիդկոյը հայտարարել է, որ հայկական բանակը մարտունակ է հայ֊ռուսական հարաբերությունների արդյունքում։ Անդրադառնալով Լևոն Հայրապետյանին՝ Շվիդկոյը վստահեցրել է, որ իրենց մոտ հակահայկական տրամադրություններ չկան, իսկ մնացած հարցերով զբաղվում է ՌԴ հետաքննչական ծառայությունը։
Շվիդկոյի պատասխաններից հետո «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը զուգահեռներ է անցկացրել հայ֊ռուսական ակումբի նախորդ հանդիպմանը մասնակցած ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսելյովի և Շիդկոյի միջև․ «Կիսելյովից հետո դուք Ռուսաստանի իշխանության փափուկ ներկայացուցիչն եք, իմաստը նույնն է՝ դուք խոսում եք ռուսերենի իմացության մասին։ Տարբերությունն այն է, որ նա մեծ քլունգով էր եկել, իսկ դուք փոքր, ավելի մեղմ եք ասում»։
Պողոսյանը նաև ասել է, որ Ռուսաստանը նայում է՝ ինչպես շատ նավթ վերցնի։
«Ասում եք՝ Հայաստանին ճնշելու համար Ադրբեջանի հետ կխաղամ, Ադրբեջանին ճնշելու ժամանակ՝ Հայաստանի»։
«Ժառանգություն» խմբակցության քարտուղարը նաև հետաքրքրվել է, թե հայրերեն լեզվով քանի ցուցանակ կա Ռուսաստանում։ Շվիդկոյը, սակայն, այդ հայտարարություններին չի արձագանքել՝ նշելով, որ ինքը մշակույթի գծով խորհրդական է, գրում է «Հայկական ժամանակը»։