Home / Տեսանյութեր / «Սուտ բարձր ամբիոնից»․ զոհված զինվորի հայրը վրդովված է ՄԻՊ֊ի պատասխանից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Սուտ բարձր ամբիոնից»․ զոհված զինվորի հայրը վրդովված է ՄԻՊ֊ի պատասխանից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2013 թվականի հուլիսի 30-ին ԼՂՀ Մարտակերտի զորամասերից մեկում զոհված 20-ամյա զինծառայող Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը (լուսանկարում), վրդովված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հայտարարությունից։ Այսօր Epress.am֊ի խմբագրություն այցելած Մուրադյանն ընդգծել է՝ իր համար ցավալի է, որ օմբուդսմենը «սուտ է խոսել բարձր ամբիոնից»՝ հայտարարելով, որ երբեք ոչ մի դիմում չի ստացել՝ կապված Սյունիքի մարզի դատարանի արտագնա նիստերը ԼՂՀ֊ի մայրաքաղաք Ստեփանակերտից ՀՀ տարածք տեղափոխելու հետ։

Մուրադյանը խմբագրություն էր բերել իր կողմից օմբուդսմենին ուղարկված դիմումներն ու Անդրեասյանի պատասխանները։

Մասնավորապես, 2014 թվականի հունիսի 19-ով թվագրված նամակում Մուրադյանը խնդրում է հարցում ուղարկել ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, Արդարադատության նախարարին և դատական դեպարտամենտին՝ պարզելու համար, թե Սահմանադրության որ կետի, որ օրենքի համաձայն է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նստավայր ճանաչվել Ստեփանակերտը, ինչպես նաև պարզել է՝ ինչպես են ՀՀ բանակ զորակոչված իր որդուն հանձնել ԼՂՀ ՊԲ֊ին։ Զոհված զինծառայողի հայրը խնդրում է նաև միջնորդել, որպեսզի գործը դատաքննության ուղարկեն «օրենքի հիման վրա ստեղծված դատարան»։

Ի պատասխան՝ Կարեն Անդրեասյանը գրել է, որ «նախկինում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված այլ քաղաքացիների նույնաբովանդակ դիմումների կապակցությամբ գրություններ են ուղարկվել համապատասխան պետական մարմիններ՝ ՀՀ քաղաքացիների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ՀՀ օրենսդրությամբ հիմնավորված լինելու հանգամանքի վերաբերյալ և հարցի լուծման նպատակով շահագրգիռ գերատեսչություններին առաջարկվել է կազմակերպել քննարկում։ Օմբուդսմենը նաև նշում է, որ ՀՀ կառավարությունը դրական է արձագանքել իր դիմումին՝ առաջարկելով աշխատանքային խումբ ստեղծել։

Մուրադյանը օգոստոսի 8-ին ևս մեկ դիմում է հղել ՄԻ պաշտպանի գրասենյակ՝ կրկին խնդրելով միջնորդել քրեական գործի դատաքննությունն անցկացնել Երևանում, քանի որ ինքը և կինը հնարավորություն չունեն «հաղթահարել ճանապարհային այդքան հեռավորությունը»։

Դիմումատուն օմբուդսմենի գրասենյակից պատասխան է ստացել օգոստոսի 21-ին, որում նշվում է, թե ՄԻ պաշտպանը իրավասու չէ միջամտել դատական վարույթին կամ միջնորդել դատաքննությունն այլ տարածքի դատարանում իրականացնելու հարցում։

Մուրադյանը նշել է, որ իր երրորդ դիմումը ՄԻՊ գրասենյակը չի ընդունել՝ պատճառաբանելով, որ դատաքննությունն արդեն մեկնարկել է։

Ներկայացնում ենք նամակների և պատասխանների պատճենները

1ombuds

 

2ombuds