Ոստիկանությունը քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի դեմ 12 վարչական և 1 քրեական գործ է հարուցել, 2 քաղացիական հայց է ներկայացրել, կալանք է դրված ակտիվիստի հաշիվների վրա, նրա անչափահաս որդու հաշմանդամության թոշակը փոխանցվում է ոստիկանությանը, իսկ ինքը հնարավորություն չունի արտասահմանյան գործուղումների մեկնել։ Epress.am֊ի հետ զրույցում, սակայն, Գասպարին ասում է, որ չի պատրաստվում արտագաղթել, քանի որ արտագաղթելը կնշանակի խաչ քաշել իր` տարիներ տևող պայքարի վրա։
Գասպարին, այնուամենայնիվ, նշում է, որ ոստիկանության վերաբերմունքը և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից իր հասցեին հնչեցված սպառնալիքները որոշակիորեն կաշկանդում են իրեն։ Նրա խոսքով՝ իր պիկետների և ակցիաների ընթացքում ինքը բազմիցս բռնության է ենթարկվել ոստիկանների կողմից, մասնավորապես, վնասվածք է ստացել ողնաշարի շրջանում, ինչի համար ոստիկանները երբեք չեն պատժվել։
Գասպարին ընդգծում է, որ քաղաքացիական շարժումների և բողոքողների դեմ իշխանություններն օգտագործում են բուֆերիզացիայի մոդելը, որը պետք է հաղթահարել։
«Չեմ հասկանում, երբ մարդիկ ասում են՝ դատավորը մեղավոր չի վճիռ կայացնելիս, իրեն վերևից են ասում։ Երբ ես ակցիա եմ անում Սերժ Սարգսյանի տան դիմաց, ոստիկանը կարող է ինձ, ինչպես ուրիշներին է ասում, ասել՝ ախպեր, դե ես պրոբլեմներ կունենամ։ Մարդիկ ասում են՝ էդ ոստիկանը ի՞նչ անի, իրեն հրամայում են։ Բայց ոչ ոք չի մտածում, որ հենց այդ պահին ոստիկանը խախտում է քո բողոքն արտահայտելու իրավունքը։ Այդ բուֆերները շարելով՝ իշխանությունները դառնում են անշոշափելի, անհասանելի։ Ու դրա համար ես պիկետ եմ կազմակերպում Սերժ Սարգսյանի տան դիմաց», ֊ նշում է Գասպարին։
Անդրադառնալով Հայաստանի քաղբանտարկյալներին՝ Վարդգես Գասպարին կարևոր է համարում ուշադրություն դարձնել, թե ինչպես են այդ մարդիկ ապրում բանտում։ Նա նշում է, որ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով անցնող քաղբանտարկյալ Արմեն Հովհաննիսյանը դատական նիստերից մեկի ժամանակ հայտարարել է, որ իր կյանքին վտանգ է սպառնում, ինչը պատշաճ ուշադրության չի արժանացել հանրության կողմից, մինչդեռ դա լրջագույն խնդիր է։
Ակտիվիստն ընդգծում է, որ Հովհաննիսյանը իր ելույթի վերջում նշել էր, որ շարունակելու է պայքարել իր գաղափարների համար, ու մարդիկ «մի կուշտ ծափ են տվել», բայց ամենակարևորը հասկանալն է, թե ինչ է նշանակում, երբ մարդը բանտում, փակ համակարգում ապրելով՝ ասում է, որ իր կյանքին վտանգ է սպառնում։