Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունեցել բանակում 2010 թվականին զոհված Վալերի Մուրադյանի մոր՝ Նանա Մուրադյանի՝ քննիչ Արմեն Ապրեսյանի գործողությունների դեմ բողոքի քննությունը: Նախագահող Գագիկ Ավետիսյանը դիմել է Մուրադյանին հարցով՝ արդյոք վերջինս չի առարկում, որպեսզի դատը շարունակվի առանց պատասխանող կողմի ներկայության: Մուրադյանը համաձայնություն է տվել՝ նշելով, որ պատասխանողը երբեք էլ չի ներկայացել գործի քննությանը նաև առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում:
«Ես ոչ մի ակնկալիք չունեմ նաև Վերաքննիչ դատարանից, բողոքել եմ ընդամենը ևս մեկ անգամ ապացուցելու, որ դատարանը ևս պարտակում է հանցագործությունը»,- դատարանում հայտարարել է Նանա Մուրադյանը:
Նա նշել է, որ քննիչ Արմեն Ապրեսյանի գործողությունների դեմ բողոքը ՀՀ դատախազությունը և ՀՔԾ-ն ևս մերժել են, սակայն ոչ այդ գործընթացում, ոչ առաջին ատյանի դատարանում քննիչը չի ներկայացել և բողոքի նպատմամբ արհամարհանք է ցուցաբերել:
Դատավորը հայտարարել է, որ փետրվարի 26-ին կհրապարակի վճիռը՝ ասելով, որ այդ օրը պատասխանող կողմը, գուցե, կներկայանա նիստին։
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժել էր Վալերի Մուրադյանի մահվան գործը վարած քննիչ Արմեն Ապրեսյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով դիմումը:
Ըստ Մուրադյանի՝ Ապրեսյանը կատարել է քրեական դատավարության օրենսգրքի 217-րդ հոդվածի խախտում՝ չուսումնասիրելով գործի բոլոր նյութերը: Համաձայն պաշտոնական վարկածի՝ Վալերի Մուրադյանն ինքնասպան է եղել կախվելու միջոցով, և այդ նպատակով նա կանգնել է մետաղյա աթոռի վրա, բայց քննության չեն ենթարկվել ոչ աթոռը, ոչ Մուրադյանի հագին եղած զինվորական կոշիկները: