Շիրակի մարզի դատախազությունը Սառնաղբյուր գյուղի 22-ամյա բնակիչ Մնացական Ալեքսանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն): Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Ալեքսանյանի պաշտպան Հայկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ մեղադրանքի մասին իրենք իմացել են այսօր, երբ Ալեքսանյանին կանչել են քննչական բաժին և տրամադրել փաստաթղթերը: Ալեքսանյանից նաև պահանջել են ցուցմունք դեպքերի մասին, սակայն վերջինս նպատակահարմար է գտել հրաժարվել ցուցմունք տալուց:
Հիշեցնենք, որ Ալեքսանյանը խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում միակ մեղադրյալն է: Գործը հարուցվել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով անցկացված ակցիաներից հետո: Գործի շրջանակներում որպես վկա հարցաքննվել են ակցիայի բազմաթիվ մասնակիցներ ինչպես Գյումրիից, այնպես էլ Երևանից ու Հայաստանի այլ մարզերից։
Ինքը՝ Ալեքսանյանը, ևս հունվարի 17-ին հարցաքննվել էր որպես վկա: Փետրվարի 4-ին ևս նրան որպես վկա հրավիրել էին քննչական բաժին, սակայն տեղում ձերբակալել էին: Մոտ երկու օր կալանքի տակ լինելուց հետո Ալեքսանյանը ազատ էր արձակվել՝ չհեռանալու մասին ստորագրության դիմաց:
Երիտասարդի հայրը հայտարարել էր, որ որդուն չազատելու դեպքում կտրուկ միջոցների կդիմի։