2015 թվականի փետրվարի 4-ին Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը, ՀՀ Շիրակի մարզի դատախազության շենքում խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները, ապօրինի ձերբակալել է ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանին: Այս մասին ասված է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ ՀՀ մարդու իրավուքների պաշտպան Կարեն Անդրեասյանին հղած նամակում։
Պատգամավորն ընդգծում է, որ պաշտոնապես ձերբակալության հիմքը և առիթը նշվում են՝ քրեական օրենսգրքով արգելված արարք և Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի բնակելի շենքերի բնակիչների հանգստի խախտում, որն, իբրև, վերջիններիս մոտ առաջացրել է վախի զգացում իրենց կյանքի, առողջության, գույքի պահպանության նկատմամբ: Ձերբակալության նպատակը հանդիսանում է անձի կողմից նոր հանցագործությունների հնարավոր կատարումը և փախուստը կանխելը:
«Ակնհայտ է, որ սույն ձերբակալության որոշումը կայացվել է ապօրինի հրամանի ներքո և Մնացական Ալեքսանյանը հատուկ ընտրված անմեղ կասկածյալ է:
Մնացական Ալեքսանյանը թիվ 1800615 քրեական գործով բազմիցս հրավիրվել է հարցաքննության՝ որպես վկա, և մշտապես ներկայացել է վարույթն իրականացնող մարմնի կանչով, դեռ ավելին, նրա անձնագիրը գտնվել է վարույթն իրականացնող մարմնի մոտ: Մնացական Ալեքսանյանի կողքին եղել են բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր կարող են վկայել նրա անմեղության մասին, սակայն նրանց չեն կանչել հարցաքննության:
Հետևաբար, Մնացական Ալեքսանյանին քրեական օրենսգրքով նախատեսված արարքով կասկածելը և ձերբակալելը անօրինական է և հետապնդում է հատուկ նպատակ:
Իրական հանցագործներին` եղեռնագործներին բռնելու և վնասազերծելու փոխարեն ոչ միայն Գյումրիում, այլև ողջ Հայասատանի Հանրապետության տարածքում առաջացել է վախի և անպատժելիության մթնոլորտ: Մեղադրյալ Պերմյակովին թույլ տալով առևանգել և ապօրինաբար պահել Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայում և, ի վիճակի չլինելով իրանականցնել քրեական հետապնդում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանությունների համար, մեղավորների հանդեպ հենց ՀՀ գլխավոր դատախազն իր ենթականերով պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Փաստորեն, անպատժելիության և վախի մթնոլորտ ստեղծելու մեղավորներն իրենք են:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ազատ արձակելու ապօրինի ձերբակալված Մնացական Ալեքսանյանին», ֊ ասված է Զարուհի Փոստանջյան նամակում։