Սառնաղբյուր գյուղի բնակիչ, 22֊ամյա Մնացական Ալեքսանյանին այսօր հրավիրել են Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժին՝ որպես վկա ցուցմունք տալու Գյումրիում հունվարի 15-ին գրանցված բախումների գործով և ձերբակալել են, հայտնում է asparez.am-ը: Երիտասարդին անցած օրերին մի քանի անգամ տարել են ոստիկանություն եւ հարցաքննել ոստիկանների հետ բախումների գործով:
Aravot.am-ի հետ զրույցում երիտասարդի հայրը՝ Մարտիրոս Ալեքսանյանն ասել է, որ որդու ձերբակալության լուրը հեռախոսով իրեն հայտնել է Շիրակի մարզի դատախազի տեղակալը: Կայքը գրում է, որ ձերբակալության պատճառ դարձել է այն, որ տղան իբր քարը որպես զենք է օգտագործել: Հայրը փոխանցել է, թե կադրերում հստակ երևում է, որ իր տղան ձեռքին փոքր քար է ունեցել, այն շպրտել է շիթի ուղղությամբ, այնուհետ հենց ինքն է հանգստացրել ժողովրդին, որ բախումներ չլինեն:
Հունվարի 15-ին Գյումրիից հեռարձակվող կադրերից երևում է, թե ինչպես է երիտասարդը զրուցում ՀՀ ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ: Ալեքսանյանը հանդիմանում էր պատգամավորին, որ վերջինս ոստիկանության մեքենա էր նստել:
«Մի հատ հարց, ճիշտ եք գտել ոստիկանության մեքենայով հայտնվել Գյումրու փողոցներում։ Իմ հարցին դրական կամ բացասական պատասխանեք։ Ցանկացած լեննականցու մի հատ ասեիք՝ ինձի տարեք Լոնդոն, ձեզ կտաներ, բայց շան ավտո չնստեիք», – ասել էր երիտասարդը։
Զարուհի Փոստանջյանը Aravot.am-ի հետ զրույցում ձերբակալությունը պատահական չի համարել՝ կարծիք հայտնելով, որ դրանով վախի մթնոլորտի սկիզբ են դնում Գյումրիում:
Galatv.am-ի փոխանցմամբ՝ ձերբակալված Մնացական Ալեքսանյանն այս պահին գտնվում է Ախուրյանի ՁՊՎ-ում ՝ առանց փաստաբանի, այն դեպքում, երբ փաստաբան Հայկ Հարությունյանը Մնացականի հարազատների հետ գտնվում է Ախուրյանի ՁՊՎ-ում, իսկ ոստիկաններն արգելում են փաստաբանի մուտքը այնտեղ:
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին հազարավոր մարդիկ դուրս են եկել Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ՝ պահանջելով ՀՀ իրավասու մարմիններին հանձնել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովին: Մարդկանց մի մասը երթով գնացել էր դեպի ՌԴ հյուպատոսություն, նրանց ճանապարհը փակել են ոստիկանները, սկսվել են բախումներ: Հետագայում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու հոդվածով հարուցվել էր քրեական գործ, սակայն մինչ օրս ձերբակալվածներ չկային։ Որպես վկա Գյումրում հարցաքննվում էին երթի մասնակիցներից շատերը։
Լուսանկարում՝ հունվարի 15-ի ցույցի մասնակիցները