Home / Տեսանյութեր / ԱԱԾ֊ի դեմ քրգործ չի հարուցվի․ դատարանը մերժեց լրագրողի բողոքը

ԱԱԾ֊ի դեմ քրգործ չի հարուցվի․ դատարանը մերժեց լրագրողի բողոքը

Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավոր է համարել ԱԱԾ-ի դեմ քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ դատախազության որոշումը։ Այսօր կայացած նիստին դատավոր Արմեն Բեքթաշյանը մերժել է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, լրագրող Հրայր Մանուկյանի (լուսանկարում) և «Ժառանգություն» կուսակցության բողոքները:

Կուսակցության և լրագրողի բողոքը կապված է ԱԱԾ-ի ներկայացուցչի կողմից Մանուկյանին հավաքագրելու փորձի հետ։ Լրագրողի կողմից հրապարակված ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է ԱԱԾ աշխատակիցը մերժում ստանալուց հետո սպառնում Մանուկյանին։ Վերջինս պահանջել էր ԱԱԾ֊ի դեմ քրեական գործ հարուցել, ինչը դատախազության կողմից մերժվել էր։

Գործում «Ժառանգություն» կուսակցության շահերը ներկայացնող փաստաբան Հարություն Բաղդասարյանն ավելի վաղ Epress.am-ին ասել էր, որ դատախազությունն իրավունք չուներ համարել, որ Հրայր Մանուկյանի կատարած ձայնագրության սկավառակը չի կարող իրեղեն ապացույց դիտվել: Ըստ Բաղդասարյանի՝ դատախազությունը նախ պետք է քրեական գործ հարուցեր, հետո հիմնավորեր իրեղեն ապացույցների շրջանակը: Ավելին, Բաղդասարյանի կարծիքով, գործում կան թրաֆիքինգի տարրեր, քանի որ Հրայր Մանուկյանին աշխատանք է առաջարկել մի մարդ, որի ՀՀ ԱԱԾ-ից լինելը լրագրողի համար փաստ չի եղել: