Հավաքների ժամանակ լրագրողներին և հավաքի մասնակիցներին տարբերակելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի առաջարկի իրագործումն ինքնին կարող է օգտակար լինել թե՛ ոստիկանության, թե՛ լրագրողների համար: Epress.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ոստիկանության ներկայացուցիչ Մերուժան Հակոբյանի՝ երեկ ԱԺ֊ում արած հայտարարությանը։ Վերջինս ասել էր, որ ոստիկանությունը նախագիծ է պատրաստում, համաձայն որի լրագրողները ակցիաներից առաջ պետք է հավատարմագրվեն կամ հատուկ բեյջեր կրեն և բաճկոններ հագնեն։
Ըստ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցչի՝ նման կարգի սահմանումով հավաքների ժամանակ հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանների համար հեշտ կլինի արտաքինից անմիջապես տարբերակել լրագրողներին, ինչն էլ, համապատասխանաբար, հնարավորություն կտա վերջիններիս առանց որևէ խոչընդոտի իրականացնել մասնագիտական գործառույթները:
«Սակայն, մյուս կողմից, անհրաժեշտ է նախատեսել տարբերակման հնարավորինս պարզ միջոցներ և ընթացակարգեր՝ խուսափելով զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների վրա լրացուցիչ պարտավորություններ կամ ձևական պահանջներ դնելուց: Այնուամենայնիվ, այս հարցի վերաբերյալ Օմբուդսմենին ոստիկանության կողմից դեռևս ամբողջական ծրագիր կամ կարգ չի ներկայացվել, որի առկայության դեպքում միայն հնարավոր կլինի քննարկել և գտնել գործնականում խնդրի լուծման ամենաարդյունավետ եղանակները»,֊ ասել է Արմեն Գրիգորյանը։