«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին թույլ չեն տվել Ինտերնետի կառավարման ամենամյա «Եվրոդիգ 2015» համաեվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով մեկնել Բուլղարիա և ներկայացնելու Հայաստանը: Այս մասին ասված է «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության հաղորդագրության մեջ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զանգվածային անկարգությունների նախապատրաստման վերաբերյալ քրեական գործով Չուգասզյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չբացակայելու մասին ստորագրությունը, նա պատշաճ կերպով պահպանել է երևույթի ձևական-իրական առումը և հրավերն ստանալուն պես դիմել է իրավապահ մարմիններին՝ հանրապետությունից բացակայելու թույլտվություն ստանալու համար:
«Տասն օրվա ընթացքում «իրապահպան մարմիններից» հարցի լուծման վերաբերյալ պատասխան չի ստացվել, մինչդեռ նրանք պարտավոր են նման դեպքերում կամ բավարարել դիմումը կամ մերժել այն պատճառաբանված որոշմամբ: Բազմաթիվ նախադեպեր կան, երբ նշված խափանման միջոցի պայմաններում քաղաքացուն թույլատրվել է բացակայել հանրապետությունից:
Գարեգին Չուգասզյանին ելքի, իսկ դրանից առաջ՝ «Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող Շանթ Ոսկերչյանին մուտքի, թույլտվություն չտալու դեպքերը ապացուցում են, որ Հայաստանում վերականգնվել և տխրահռչակ ստալինյան մեթոդներով, այն է՝ օրենքը արհամարհելով ու ոտնահարելով, կիրառվում են այսպես կոչված «սև ցուցակները»», ֊ նշում են հաղորդագրության հեղինակները՝ հավելելով, որ Չուգասզյանը համաժողովին կմասնակցի և Հայաստանը կներկայացնի ու զեկուցումով հանդես կգա հեռավար կապի միջոցով: